Խաղային ատրակցիոններ ստացան նաև Քանաքեռ-Զեյթունի երեխաները

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացվել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված ևս երկու բակ: Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի և հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի հետ: Քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ բակերի համալիր բարեկարգման 2012թ. ծրագրի շրջանակում համագործակցելով «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ՝ Երևանի քաղաքապետարանը հիմնանորոգված բակային տարածքներում տեղադրում է նաև հիմնադրամի կողմից տրամադրված խաղային ատրակցիոններ և մարզական գույք:

Կարևորելով մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով «Փյունիկ» հիմնադրամին համագործակցության համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երևանյան բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական: «Երևանի բոլոր վարչական շրջաններում միայն այս տարվա ընթացքում մոտ 20-30 բարեկարգված խաղահրապարակներ կհանձնենք շահագործման: Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում առաջիկա տարիների ընթացքում ամբողջ Երևան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին` հարմարավետ միջավայր ապահովելով մեր բոլոր համաքաղաքացիների համար»,-ասել է քաղաքապետը:

Լևոն Սարգսյանը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական, ավելին՝ առաջիկայում փոքրիկ երևանցիների համար կյանքի կկոչվեն նաև համատեղ այլ բարեգործական ծրագրեր: «Վերջին տարիներին մենք շուրջ 300 մանկական խաղեր ու մարզական գույք ենք տրամադրել քաղաքապետարանին: Արդյունքն այսօր ակնհայտ է, երեխաներն անչափ ուրախ են և մեծանում է առողջ սերունդ»,-նշել է նա:

Բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից ամբողջությամբ բարեկարգվում, կանաչապատվում են բակային տարածքները, տեղադրվում են նստարաններ, զրուցարաններ, անցկացվում է արտաքին լուսավորության նոր ցանց, տարածքն ապահովվում է ոռոգման նոր համակարգով՝ դրան զուգահեռ կահավորվելով հիմնադրամի կողմից տրամադրվող մանկական ժամանակակից խաղերով և մարզասարքերով:

Մեկնաբանել