Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթությունո՞ւմ

Մեքսիկական Լոս Քաբոսում Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունած հայտարարության մեջ ասվում է. «Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլերի չդիմեցին 2011թ մայիսի 26-ին Դովիլում մեր երկրների համատեղ կոչից հետո»:

Ընդհանրապես, լոսքաբոսյան հայտարարությունը խոսում է այն մասին, որ եռանախագահ երկրները սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում՝ Հայաստանին և Ադրբեջանին դնելով նույն հարթության վրա: Նման հայտարարություն արվում է այն պարագայում, երբ բոլորին էլ ակնհայտ է, որ 2011թ. հունիսի 25-ին կազանյան բանակցությունների ընթացքում վերջին պահին Ադրբեջանի առաջ քաշած ոչ իրատեսական պահանջները տապալեցին բանակցային գործընթացը, որով հակամարտության կարգավորումը մտավ փակուղի:

Ավելին՝ այս տարվա հունիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցի ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ պահվածքի հետևանքով մեծ լարվածություն ստեղծվեց, որի հետևանքով երկու կողմերը զոհեր տվեցին: Իրավիճակին աչալրջորեն հետևող ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահները այս երկու կարևոր հանգամանքները հազիվ թե նկատած չլինեն:

Ուշագրավ է նաև, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների լոսքաբոսյան հայտարարության մեջ ուղղակի կերպով չի հիշատակվում կամարտահայտության սկզբունքը, որը կար նախկինում արված հայտարարությունների մեջ: Հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսելիս նախագահները հիշատակում են Հելսինկիիի եզրափակիչ ակտը և 2009թ. Ակվիլայում ու 2010թ. Մուսկոկում արված նախագահների արված հայտարարությունները:

Կարգավորման գործընթացում կամարտահայտության սկզբունքի ուղղակի հիշատակման բացակայությունը և Հայաստանին ու Ադրբեջանին միևնույն հարթության մեջ դնելը խոսում է այն մասին, որ Հայաստանի համար կարևոր մի հարցում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ապագան կամարտահայտությամբ որոշելու դրույթը հետ է մղվել: Ճիշտ է, Հելսինկիի եզրափակիչ ակտում նշվում է կամարտահայտության մասին, սակայն այդ փաստաթղթում գերակայող է պետության տարածքային ամբողջականության սկզբունքը:

Մեկնաբանել