Հայերը Պերմում թատերական փառատոն են կազմակերպել

Հայ դերասանների միությունը՝ Արթուր Ղուկասյանի գլխավորությամբ, Պերմի` արդեն մի քանի տարի գոյություն ունեցող «Սպիտակ գիշերներ» փառատոնի հրավերով կազմակերպել է բացօթյա թատերական թառատոն` «Պերմ–սթրիթ» անվանումով, որը հունիսին կայացել է Պերմում կառուցված հատուկ փառատոնային քաղաքում:

«Սպիտակ գիշերներ» փառատոնի ընթացքում յուրաքանչյուր օր 30-40 միջոցառում է տեղի ունեցել, որոնցից 10-ը` «Պերմ-սթրիթ»-ի շրջանակում: Այս փառատոնի համար Միությունը Limitless` «Առանց սահմանների» կարգախոսն է ընտրել:

«Պերմ-սթրիթ»-ին մասնակցել է հինգ երկրից ժամանած յոթ թատերախումբ, որոնք ներկայացրել են եվրոպական թատերական արվեստի լավագույն նմուշները` ֆրանսիական «Լե Պլաստիզեն Վոլան»-ի և գերմանական «Անտագոնի»-ի ֆանտաստիկ փողոցային ինտերակտիվ շոուներից մինչև պորտուգալացի Խոսե Էնանոյի մանրապատումները: Փառատոնին մասնակցել են նաև հայ հանդիսատեսին «Հայ ֆեստ»-ից ծանոթ «Արտ և շոկ» թատերախումբը Ղազախստանից: Հայաստանից «Պերմ-սթրիթ»-ին մասնակցել է պարային պլաստիկայի «Միհր» թատրոնը, որը պրեմիերա է ներկայացրել` «Մտքերի երկխոսություն» պիեսը: Ի դեպ՝ առաջին անգամ Հայաստանում այն կցուցադրվի այս տարվա «Հայ ֆեստ»-ին:

Այսօր մամուլի ասուլիսում «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը և «Միհր»-ի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը իրենց հիացմունքը հայտնեցին Պերմի մշակութային կյանքի նկատմամբ: Քաղաքը, որի բնակչության թիվը մոտ է Երևանի բնակչության թվին, մի քանի տարի առաջ հավակնոտ նպատակ է դրել իր առջև` դառնալ Եվրոպայի մշակութային կենտրոննեից մեկը: Առաջին հայացքից արդյունաբերական քաղաքի իշխանությունների մտադրությունը ժպիտ է առաջացնում, սակայն, ինչպես ասում է Արթուր Ղուկասյանը, նրանց հաջողվել է մի քանի տարում փոխել ոչ միայն քաղաքի դեմքը, այլև բնակիչների մտածելակերպը: «Հանդիսատեսն այնտեղ պատրաստ է նորարարական, ավանգարդ մշակույթն ընկալելուն: Ես մի քանի տարի շարունակ լինում եմ Պերմում և տեսնում, թե ինչպես է փոխվում մարդկանց մակարդակը»,- ասաց Արթուր Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ Պերմի երկրամասում մշակույթի զարգացումը առաջնային խնդիր են հռչակել և անում են ամեն բան, դրան նպաստելու համար: «Սպիտակ գիշերներ»-ի համար հրավիրվում են աշխարհի լավագույն մասնագետները, որոնք ինքնուրույն աշխատող թիմեր են ձևավորում արվեստի յուրաքանչյուր ուղղությունը զարգացնելու համար: «Շատ շոյված եմ, որ բացօթյա թատրոնի փառատոն կազմակերպելու համար հենց մեզ ընտրեցին: Սակայն ցավում եմ, որ մեզ մոտ դեռևս վաղ է մտածել նման միջոցառումների մասին, քանի որ նույն փողոցային թատերական փառատոնը, որքան էլ տարօրինակ է, դեռևս անթույլատրելի թանկ է մեզ համար»,-ասաց Ղուկասյանը:

Մեկնաբանել