6 հուլիս, 2012 14:33

Պարզվում է՝ Սփյուռքը ընդամենը կթու կով է

Երկիր, ես քոնն եմ, բայց իմը չես դու։
Ես քո զինվորն եմ, դու՝ իմ թշնամին։

(Տիգրան Պասկևիչյան)

Սիրիայում պատերազմ է: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է այդ երկրի առաջնորդ Բաշար ալ Ասադը: Իսկ դա նշանակում է, որ ծայրահեղ վտանգված է մեր ամենահին և ամենաազդեցիկ գաղութներից մեկի ապագան: Ընկերս, որ օրեր առաջ է վերադարձել Հալեպից, պատմում էր, թե ինչպիսի պայմաններում են ապրում մեր հայրենակիցները և ինչպես են հայացքները ուղղած Մայր հայրենիքին՝ սպասում աջակցության: Մերոնք այնտեղ նեղության մեջ են, և Հայրենիքի գոնե բարոյական աջակցության կարիքը երբեք  այդքան անհրաժեշտ չի եղել, որքան հիմա: Հայրենիքն իր քսանամյա անկախության տարիներին  բազմիցս է ակնկալել և ստացել սիրիահայ գաղթօջախի աջակցությունը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե սիրիահայ համայնքն ինչ ահռելի աջակցություն ցուցաբերեց երկրաշարժից տուժածներին, իսկ Արցախյան ազատամարտի տարիներին սիրիահայերի մասնակցությունը ազատագրական պայքարին ոչ միայն մարդուժի ներկայություն էր, այլև Հայաստան-Սփյուռք անքակտելի կապի վկայություն: Վերջապես, սիրիահայ համայնքի գերնպատակը Թուրքիային սահմանակից երկրում ապրելն էր, որ պատեհ առիթի դեպքում նորից տեր դառնային իրենց կորուսյալ տարածքներին` Արևմտահայաստանին:

Մեզ համար, պարզվում է, Սփյուռքը ընդամենը կթու կով է, որին կարելի է անդադար կթել, իսկ հետո` որպես  գայլերին կեր, թողնել ամայի դաշտում և հեռվից դիտել, թե ինչպես են հոշոտվում: Իրոք, անհասկանալի բաներ են կատարվում մեր երկրում: Դեռ չես հասցրել մարսել ամենաթողության հերթական պտուղները, երբ բախվում ես հաջորդ խայտառակությանը:

Այն, որ սփյուռքի նախարարությունը զբաղված է կուլտուր-լուսավորչական միջոցառումների կազմակերպմամբ և բնավ առնչություն չունի Սփյուռքի հետ, անցած տարիներին բազմիցս ապացուցվել է: Բայց գոնե այս դեպքում արժեր մտածել և,  ձեռնպահ մնալով հերթական տաշի-տուշիներից, զբաղվել աղետի մեջ հայտնված գաղթօջախի խնդիրներով: Իսկ ամենալուրջ խնդիրն այսօր համայնքի անվտանգությունն ապահովելու հարցն է, որին Հայաստանը ոչ մի կերպ չի ուզում իր մասնակցությունը բերել:

Ահավասիկ, ամիսներ առաջ, երբ մեր ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը դադարեցրեց Երևան-Հալեպ չվերթերը, ոչ ոք Միկա Բաղդասարովին չբացատրեց, որ չվերթերը կասեցնելը ազգային դավաճանությանը համարժեք բան է: Հասկանալի է, որ Միկա Բաղդասարովի համար ազգություն ասվածը վերամբարձ հասկացություն է, բայց հասկանալի չէ պետության վերաբերմունքի բացակայությունն այդ հարցում: Վերջապես գոյություն ունի նաև Ազգային անվտանգության խորհուրդ, որը պետք է զբաղվեր այս հարցով, մանավանդ, որ Սիրիայում բնակվողների մի զգալի հատվածը Հայաստանի քաղաքացիներ են:

Ռուսաստանը շատ արագ որոշեց և սկսեց տարհանել իր քաղաքացիներին պատերազմի գոտուց: Նրանք իրենց քաղաքացիների արժեքը լավ գիտեն և գնահատում են: Մենք անհուսալի վիճակում ենք: Սիրիահայերը սկսել են հայրենիքի ճամփան բռնել ցամաքային` Թուրքիայի ճանապարհով, որտեղ էլ դիմակայում  են ստորացուցիչ պայմանների: Օրեր առաջ «Արմավիան» վերսկսեց չվերթերը: Մտածում էի, թե հասկացել են խնդրի կարևորությունը: Ցավոք, սխալվել էի: Ի՞նչ է պարզվում: «Արմավիան» ոչ թե վերսկսեց, որովհետև դա անհրաժեշտություն էր, այլ վերսկսեց, որովհետև դեռ «կթելու» բան կա: Նախկինում Երևան-Հալեպ չվերթի տոմսերը վաճառվում էին 119 հազ. դրամով, իսկ այժմ դրանց գինը «Արմավիան» բարձրացրել է 237 հազ-ի: Պատճառաբանությունը շատ ծիծաղելի է: Ասում են` առկա են միայն  բիզնես դասի տոմսեր: Պարզվում, որ մեր ազգային ավիափոխադրողի ինքնաթիռները ծայրից ծայր ձևավորված են բիզնես դասի ուղևորների համար, և եթե այդ ինքնաթիռում մի հրաշքով տեղ է ազատվում, ապա հնարավոր է այն գնել խնայողական դասի գնով, բայց էլի թանկ` 170 հազ. դրամով: Երկու օր առաջ լսեցի, թե ինչպես են Թուրքիայի տարածքով հայրենիք տեղափոխվող սիրիահայերին թուրքերը կանգնեցրել, ստորացրել, նրանցից առգրավել փաստաթղթերը և 16 հազ. դոլար գումար: Զրուցակիցս լացում էր` ասելով. «Հայրենիքի վեջը չէ, թե մենք ինչ վիճակում ենք»: Ցավոք, նա ճիշտ էր: Հայրենիքն այսօր ապրում է այլ արժեհամակարգով և դժվար է նրան այլևս հայրենիք որակելը:

Հարություն Հարությունյան