Ֆրանսիան Հայոց ցեղասպանության հարցում չի գնա նույն ճանապարհով

Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում կրկին չի գնա նույն ճանապարհով, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը աշխատանքային այցով Փարիզում գտնվող իր թուրք գործընկերոջ՝ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Haberturk-ը։

Արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ֆաբիուսը, պատասխանելով լրագրողներից մեկի՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի մասին հարցին, ասել է, որ այս խնդիրը ֆրանսիացի քաղաքական գործիչների համար շատ խոցելի է: «Ինչպես գիտեք, այս օրենքը ի սկզբանե խորհրդարանի կողմից ընդունվեց, իսկ Սահմանադրական դատարանի կողմից մերժվեց: Եթե մենք նույն ուղուն հետևենք, ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանը կրկին կմերժի այն: Չենք կարող նույն ճանապարհով շարժվել»,- հավելել է Ֆաբիուսը։

Դավութօղլուն, իր հերթին, հայտարարել է, որ Թուրքիան չեղյալ է հայտարարում Ֆրանսիայի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, քանի որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայում ուժի մեջ չմտավ, հաղորդում է Reuters-ը։

Մեկնաբանել