Լիբիան մասնատվում է․ երկրի նավթային արևելքը բոյկոտել է ընտրությունները

Հուլիսի 7-ին Լիբիայում պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունեցել ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ։ Արդյունքում այս երկիրը հնարավոր է՝ դառնա Արաբական գարնան առաջին պետությունը, որում լիբերալները հաղթել են իսլամիստներին։ Ինչևէ, իշխանության համար պայքարում գլխավոր ջրբաժանն անցնում է ոչ թե գաղափարախոսական, այլ տարածքային գծերով։ Քվեարկության բոյկոտը Կիրենաիկայի կողմից, որտեղ նավթի հիմնական պաշարներն են, հաստատում է՝ Լիբիան մասնատվում է երկու մասի, գրում է ռուսական «Կոմերսանտը»։

Չորս հազար թեկնածուներից լիբիացիներն ընտրում էին Սահմանադիր ժողովի 200 պատգամավոր։ Նրանք պետք է կառավարություն ձևավորեն և նոր Սահմանադրություն գրեն․ այն կսահմանի պետականության ձևը (որը կփոխարինի Մուամար Կադաֆիի Ջամահիրիային) և իսլամի դերը երկրում։

Պատգամավորական կազմը, ըստ ամենայնի, հայտնի կդառնա շաբաթվա վերջին։ Սակայն նախնական տվյալներով՝ Լիբիան դառնում է Արաբական գարնան առաջին երկիրը, որում համաժողովրդական ընտրություններում լիբերալները հաղթում են իսլամիստներին։ Ձայների մեծամասնությունը ստանում է Ազգային ուժերի միությունը, որը միավորում է լիբերալ կուսակցությունների ու անկախ քաղաքական գործիչների՝ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախկին ղեկավար Մահմուդ Ջիբրիլի գլխավորությամբ։

Լիբիայի «Մուսուլման եղբայրները», որոնք Կադաֆիի օրոք արգելված էին, ընտրություններում ներկայացված են «Արդարության և կառուցման կուսակցությամբ»՝ նախկին քաղբանտարկյալ Մուհամադ Սավանի գլխավորությամբ։ Նրանք առայժմ հետ են մնում լիբերալներից, սակայն ձայների վերջնական հաշվումից հետո կարող են մեծամասնություն ստանալ սալաֆիական «Ալ Վատան» կուսակցության (որը գլխավորում է «Իսլամական լիբիական մարտական խումբ» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Աբդ ալ Հաքիմ Բելհաջը) արմատականների հետ միասին։

Ինչևէ, լիբերալների և իսլամիստների բաժանումը Լիբիայում պայմանական է, և կուսակցությունները, որոնք իրենց համարում են մեկը կամ մյուսը, տարբերվում են միայն արմատականության աստիճանով։ Անգամ միակ աշխարհիկ կուսակցությունը՝ Կենտրոնամետ կուսակցությունը, որը գլխավորում է տնտեսագետ ու Ազգային անցումային խորհրդի նավթի ու ֆինանսների նախկին նախարար Ալի Թարխունին, հայտարարում է, որ Լիբիան «իսլամական պետություն» է լինելու։ Իսկ Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Սալեհ Դարհուբը ընտրությունների նախօրեին վստահեցրել է, որ երկրի նոր Սահմանադրությունը հիմնված է լինելու շարիաթի նորմերի վրա։

Գլխավոր պայքարը ծավալվում է ոչ թե իսլամական արժեքների կողմնակիցների ու հակառակորդների, այլ քաղաքական միավորումների հետևում կանգնած ցեղերի ու շրջանների միջև։ Ինչպես և Կադաֆիի դեմ հեղափոխության սկզբում, միմյանց դիմակայում են երկրի արևմուտքն ու արևելքը։ Արևմուտքում ազդեցիկ վարֆալա ցեղը, որը նախկինում աջակցում էր Կադաֆիին, այժմ խաղադրույք է կատարում հեղափոխականների շրջանում նախկին վարչակարգի միակ ներկայացուցիչ Մահմուդ Ջիբրիլի վրա։ Երկրի նավթային արևելյան մաս Կիրենաիկան, որում ծագեց հեղափոխական շարժումը, իր առաջնորդ է համարում Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Ահմադ ազ Զուբայր աս Սենուսիին, որը Կադաֆիի օրոք քաղբանտարկյալ է եղել։

Տրիպոլիտանիայի հետ Կիրենաիկայի դիմակայության պատճառով կենտրոնական իշխանությունները ստիպված էին ընտրություններից երեք օր առաջ արտակարգ դրություն մտցնել ամբողջ երկրում։ Պատճառն այն էր, որ բենղազցիները դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով, որ նոր խորհրդարանում իրենց շրջանը ներկայացված լինի արևմտյանին հավասար, այլ ոչ թե բնակիչների թվի համամասնությամբ։ Երբ կենտրոնական իշխանությունները հրաժարվել էին կատարել այս պահանջը, արևելքի մարտիկները գրավել էին երեք նավթամաքրման կառույց Ռաս Լանուֆում, Մարսա ալ Բրեգայում և Էս Սիդերում ու պահանջել հետաձգել ընտրությունները։

Այդուհանդերձ, քվեարկությունը կայացավ, սակայն եթե երկրի արևմուտքում լիբիացիներն ակտիվ մասնակցել են ընտրություններին, ապա արևելքում վառել են քվեաթերթիկները Բենղազիի կենտրոնական հրապարակում և հարձակվել ընտրական տեղամասերի վրա։ Ամեն ինչ տանում է նրան, որ ապագայում Կիրենաիկան կհայտարարի լիակատար ինքնավարության մասին։ Իսկ սա նշանակում է, որ Լիբիան փաստացի արդեն սկսել է բաժանվել երկու մասի։

Մեկնաբանել