11 հուլիս, 2012 15:02

«Կոշիկներս Պոլիս ձգեցի»-ի համաշխարհային պրեմիերան՝ Երևանում

«Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում սփյուռքահայ ռեժիսորների ներկայացրած աշխատանքների վավերագրական մրցույթին այս տարի կմասնակցի նաև Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմը:

Գլխավոր դերում ներկայացել է լիբանանահայ մոդեռնիստ պոետ Սաքո Արյանը, որն ուղևորություն է ձեռնարկում իր նախնիների քաղաք Ստամբուլ, դեպի ուր ձգվում են նրա մշակութային արմատները: Սաքոն շրջում է Ստամբուլի հին փողոցներով, որոնք ժամանակին հայերով էին բնակեցված, հին գերեզմանոցներով, ուր պոետներն են հանգչում, հին եկեղեցիներով և դարից էլ հին միջնակարգ դպրոցով: Հանդիպում է հայտնի և անհայտ մարդկանց` հայերի և թուրքերի, լսում նրանց պատմությունները, կարծիքները:

Ֆիլմը Լիբանանի, Հայաստանի և Թուրքիայի համատեղ արտադրանք է:

Միջազգային մի շարք հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Նիկոլ Պեզճյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց իր ֆիլմի մասին: Հեղինակի մոտ ֆիլմի գաղափարը դեռ վաղուց է հղացել: «Պոլիսը սփյուռքահայերի համար շատ հատուկ քաղաք է: Այն միգուցե ավելի կարևոր է մեզ համար, քան Երևանը, քանի որ մեր արմատները, մշակութային պատկանելությունը Պոլիսի մշակույթի հետ են կապված: Մենք Պոլիսում ստեղծված գրականությունով ենք դաստիարակվել»,- նշեց ռեժիսորը:

Ֆիլմի գլխավոր առաքելություններից է նաև թուրքերին հայկական Պոլիսը ցույց տալը: Հեղինակի խոսքով՝ վերջին տարիներին Թուրքիայում հայերի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ «Ալիքը զորացավ 2010թ․, երբ առաջին անգամ Ստամբուլում ապրիլի 24–ի զոհերի ոգեկոչման արարողություն կազմակերպվեց: Վերջերս էլ լույս  տեսավ Գրիգոր Զոհրապի ելույթներով թուրքերեն գիրք»,- ասաց Պեզճյանը:

Հեղինակն ընդգծեց, որ չնայած անխուսափելիորեն արծարծվող քաղաքական թեմաների՝ «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմն առաջին հերթին գեղարվեստական ստեղծագործություն է, և այն պետք է նախ այս տեսանկյունից ընկալվի։

Ֆիլմի աշխատանքներն ընդամենը տասը օր առաջ են ավարտվել: Նիկոլ Պեզճյանը մերժել է ֆիլմն առաջին անգամ Թուրքիայում ներկայացնելու առաջարկը: «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմի պրեմիերան կայացավ Երևանում` «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում: 

Ի դեպ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամը հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում կազմակերպում է «Պոլիս» և «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմերի ցուցադրությունը, որին կհաջորդի ֆիլմի վերաբերյալ քննարկումը ռեժիսորներ
Էրիկ Նազարյանի և Նիկոլ Պեզճյանի մասնակցությամբ։