McDonald’s-ի շեֆ խոհարար Դեն Կուդրոն հրապարակել է այսպես կոչված «հատուկ սոուսի» բաղադրատոմսը, որն օգտագործվում է խորտկարանների հայտնի այս ցանցի ամենասիրված բուրգերներից մեկը՝ «Բիգ մաքը», պատրաստելիս:
Բուն «Բիգ մաքի» և ֆիրմային սոուսի պատրաստման տեսագրությունը ընկերությունը ներկայացրել է McDonald’s-ում կիրառվող զանազան խոհարարական գաղտնիքների հրապարակման արշավի շրջանակում:
Կարճ տեսահոլովակում Կուդրոն, մասնավորապես, ընդգծում է, որ «Բիգ մաքի» և դրա սոուսի բոլոր բաղադրիչները վաճառվում են սովորական մթերային խանութում: Այսպես՝ սոուսի համար, ըստ Կուդրոյի, անհրաժեշտ է մանանեխ, մարինացված վարունգ, մայոնեզ, սոխի և սխտորի փոշի, սպիտակ գինու քացախ և պատիճավոր կարմիր պղպեղ (պապրիկա):
Թե ինչ համամասնությամբ պետք է օգտագործվեն վերոհիշյալ մթերքները՝ Կուդրոն չի նշել, սակայն ասել է, որ «հայտնի սոուսի» բաղադրության մեջ որևէ գաղտնի տարր չի մտնում:
«Հատուկ սոուս» սահմանումն առաջին անգամ կիրառվել է 1974թ․, երբ ԱՄՆ-ում եթեր էր հեռարձակվել «Բիգ մաքի» բաղադրատարրերը թվարկող գովազդը: McDonald’s-ը չէր բացահայտում սոուսի բաղադրատոմսը, և բուրգերի սիրահարները փորձում էին այն ինքնուրույն վերարտադրել: Խոհարարական կայքերում կարելի է գտնել բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնց հեղինակները պնդում են, որ բացահայտել են «հենց այն սոուսի» գաղտնիքը:
Այժմ McDonald’s-ի ղեկավարությունը որոշել է հաղորդակցության մեջ մտնել «Բիգ մաքի» երկրպագուների հետ և վերջապես պատասխանել այն հարցին, թե ինչ է մտնում «հատուկ սոուսի» բաղադրության մեջ: