Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները հրաժարվում են Apple-ի արտադրանքից

Սան Ֆրանցիսկոյի վարչակազմը ծրագրում է արգելել Apple համակարգիչների գնումը քաղաքային իշխանությունների հետ կապ ունեցող բոլոր կառույցներին, հաղորդում է BBC-ն։

Պատճառը համակարգչային հսկայի՝ էկոլոգիական արտոնագրի սխեմայից (որը գնահատում է էլեկտրոնային սարքավորումները նրանց՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից) դուրս գալու որոշումն է։

Ինչպես հաղորդում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը, առաջիկա երկու շաբաթում Սան Ֆրանցիսկոյի վարչակազմի բոլոր բաժիններին ուղարկվելու են նամակներ, որոնցում բացատրվում է EPEAT (Electronic Product Environmental Assessment Tool) կազմակերպության (որը զբաղվում է այդպիսի գնահատմամբ) դիրքորոշումը։

2010թ․ քաղաքի վարչակազմը ծախսել է մոտ $45 հազ․՝ Apple-ի սարքավորումների ձեռքբերման համար։ Սա ընկերության վաճառքների ընդհանուր գումարի (որն այդ տարի կազմել է $65 մլրդ) չնչին մասնաբաժինն է։

Սակայն այն փաստը, որ Apple-ի շատ աշխատակիցներ ապրում են Սան Ֆրանցիսկոյում, իսկ նրա կենտրոնակայանը քաղաքից ընդամենը 70 կմ հեռավորության վրա է, էլ ավելի մեծ ուշադրություն է հրավիրում այս կոնֆլիկտի նկատմամբ։

EPEAT-ի ներկայացուցիչներն անցյալ շաբաթ հայտարարել են, որ Apple ընկերությունը հրաժարվել է համագործակցությունից և ապագայում իր սարքավորումները չի ներկայացնելու արտոնագրման համար։

Այս տեղեկությունը փորձագետներին ստիպել է ենթադրել, որ արդյունքում ԱՄՆ-ի պետական հաստատությունները, դպրոցներն ու որոշ մասնավոր ընկերություններ կհրաժարվեն Apple-ի տեխնիկայի գնումից։

ԱՄՆ-ի դաշնային կանոնները նախատեսում են, որ պետական կազմակերպությունների կողմից ձեռք բերվող էլեկտրոնային սարքավորումների 95%-ը պետք է համապատասխանի EPEAT-ի պահանջներին։

Մեկնաբանել