Սաուդյան Արաբիայում զանգվածային ցույցեր են

Սաուդյան Արաբիայի տասնյակ հազարավոր բնակիչներ (հիմնականում՝ շիաներ) դուրս են եկել բողոքի խաղաղ ակցիաների իշխանություների կողմից ակտիվիստներից մեկին՝ Մուհամադ ալ Ֆիլֆիլին սպանելուց հետո։ Ինչպես գրում է ամերիկյան New York Times պարբերականը, նրան սպանել են ի պաշտպանություն շիա ազդեցիկ իմամ շեյխ Նիմր ալ Նիմրայի (որին ոստիկանները վիրավորել են ոտքից ու ձերբակալել) կազմակերպված նախորդ ցույցի ժամանակ։

Բողոքի սպոնտան ակցիա է դարձել Ֆիլֆիլի թաղման արարողությունը Քաթիֆ նահանգում՝ թագավորության արևելքում։

Ավելի ուշ ցուցարարների մի մասն անջատվել է ընդհանուր ամբոխից․ երիտասարդությունը սկսել է քարեր նետել պետական հաստատությունների ու ոստիկանների ուղղությամբ։

Նիմր ալ Նիմրը համարվում է Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիայի և Վաշինգտոնի հետ նրա կապերի ամենահետևողական քննադատներից մեկը։ 2009թ․ նա պահանջել էր շիաներով բնակեցված արևելյան նահանգների անջատում Սաուդյան Արաբիայից։ Ինչպես գրում է ամերիկյան Foreign Policy-ին, Էռ Ռիադում աշխատող ամերիկացի դիվանագետները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե իշխանություններն ինչու նրան չէին ձերբակալել ավելի վաղ՝ միապետության հասցեին ուղղված քննադատություններից ու անջատման կոչերից հետո։

Սաուդյան Արաբիայում շիաների խտրականությունը միանգամայն պաշտոնական է։ Մասնավորապես՝ նրանց չեն ընդունում աշխատանքի պատասխանատու պաշտոններում պետական կառավարման մարմիններում ու ուժային կառույցներում։ Ընդ որում՝ սաուդյան նավթի մեծ մասն արդյունահանվում է շիաների ավանդական բնակության շրջաններում։

Սաուդյան Արաբիայի շիաների շրջանում հուզումները սկսվել էին դեռ 2011թ․ փետրվարին, երբ շատ երկրներում նոր-նոր սկսվում էին Արաբական գարնան իրադրաձությունները։ Սակայն իշխանությունները ճնշել էին այդ հուզումները, ինչպես նաև երկրի արևելքին խոստացել էին ֆինանսական զգալի ներհոսք։ Այդուհանդերձ, սաուդցի շիաների շրջանում բողոքի տրամադրությունները լիովին «խեղդել» չի հաջողվել։

Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ պայքարող սիրիացի ապստամբներին։ Միևնույն ժամանակ հենց թագավորության ոչ պակաս կոշտ վարչակարգը կտրականապես հրաժարվում է ընդլայնել փոքրամասնությունների իրավունքները, էլ չասած՝ ժողովրդավարական ինստիտուտների ներդնման մասին։

Մեկնաբանել