Միջազգային հանրությունը պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Ղարաբաղի իշխանությունների հետ. Է․Նալբանդյան

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը, նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Արցախում նախագահական ընտրությունների վերաբերյալ «Արմենպրեսի» հարցին։

«Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:

Չեմ կարծում, որ ժողովրդավար որևէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը և կարևորությունը:

Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավել ևս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով:

Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը»:

Մեկնաբանել