23 հուլիս, 2012 14:29

Վարդան Ղուկասյանի «էպոխայի» ավարտը

ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնից Վարդան Ղուկասյանի հրաժարականից հետո ակնհայտ դարձավ, որ իշխանություններն այլևս չեն ցանկանում տեսնել նրան Գյումրու քաղաքապետի պաշտոնում։ Նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի ԲՀԿ-ական, Գյումրու գարեջրի գործարանի սեփականատեր Սամվել Բալասանյանը։

Գյումրիում Վարդան Ղուկասյանի «էպոխայի» ստիպողական ավարտը հասարակական ընկալման առումով միանշանակ դրական է երևույթ է։ Հիմնականում վերջինիս անձի հետ է կապվում հանրապետության երկրորդ քաղաքում քրեական բարքերի արմատավորումն ու քրեական օրենքներով քաղաք ղեկավարելու պրակտիկայի կիրառումը:

Այդուհանդերձ, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյումրիում ՀՀԿ-ի ջախջախիչ պարտությունը ցույց տվեց, որ վարդանղուկասյանական մեթոդներն իրենց սպառել են կամ լուրջ մրցակցության դեպքում պարզապես չեն աշխատում։ Քանի դեռ Վարդան Ղուկասյանն արդյունավետ կերպով նպաստում էր իշխանությունների վերարտադրությանը, կենտրոնական իշխանությունները աչք էին փակում Գյումրիում տիրող ամենաթողության և քաղաքապետի քրեական բարքերի վրա: Իսկ Վարդան Ղուկասյանից ազատվելու քաղաքական որոշում կայացվեց միայն այն բանից հետո, երբ մեքենան խափանվեց և նախագահական ընտրություններից առաջ իշխանությունների վերարտադրությունը Գյումրիում հարցականի տակ հայտնվեց։

Եթե ՀՀԿ-ական վերնախավն իրոք անկեղծ է իշխանության մեջ առկա քրեական տարրերի դեմ պայքարում, ապա նույն տրամաբանությամբ պետք է ազատվի, օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից: Սակայն նման ակնարկ անգամ չկա՝ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում ՀՀԿ-ի օգտին «լավ է աշխատել»:

Այսպես, թե այնպես, Վարդան Ղուկասյանը այս փուլում առնվազն հեռացված է կուսակցական վերնախավից և իրեն տեսնում է հոգևոր ոլորտում: Բայց մինչև հոգևոր ոլորտով զբաղվելը՝ նա փորձում է որոշակիորեն ապակայունացնել իրավիճակը Գյումրիում՝ խնդիր դնելով իշխանություններին ցույց տալ, որ իրեն քաղաքապետի պաշտոնում 5-րդ անգամ ցանկանում է տեսնել գյումրեցիների մեծ մասը:

Վերջին այս տեսակետը քննարկելն անգամ անհեթեթություն է, քանի որ Վարդան Ղուկասյանի սոցիալական հենարանը բաղկացած է հիմնականում կրիմինալ տարրերից, բուն հասարակական աջակցությունը քիչ տոկոս է կազմում։ Նախահարձակ լինելով՝ Ղուկասյանի ընտանիքն ըստ էության փորձում է ապահովագրել իրեն ենթադրվող տարաբնույթ հարձակումներից։ Վարդան Ղուկասյանի քաղաքապետության ընթացքում այս ընտանիքը հասցրել է թշնամիների հոծ բանակ ձեռք բերել, որոնք խնդիրներ ունեն Ղուկասյանների հետ։ Հետևաբար՝ բարձրացրած աղմուկով Վարդան Ղուկասյանը փորձում է ցույց տալ, որ ինքը դեռ «ձիու վրա» է։ Այդուհանդերձ, դեռևս գործող քաղաքապետը հազիվ թե բավականաչափ ռեսուրս ունենա իրավիճակը երկար ժամանակ լարված պահելու համար: