Հենրիխ Մխիթարյանը կրկին լավագույնների թվում է. Ուկրաինայի առաջնության 2-րդ տուր

Արդեն տեղեկացրել ենք, որ Ուկրաինայի ամենահեղինակավոր ֆուտբոլային կայքերից մեկը` Football. ua-ն, երկրի առաջնության յուրաքանչյուր տուրից հետո ներկայացնում է տուրի խորհրդանշական հավաքականը:

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը 2-րդ անգամ անընդմեջ տեղ է զբաղեցրել լավագույն 11-ի թվում:

Football. ua-ի մասնագետները Հենրիխին տեղ են հատկացրել աջ կիսապաշտպանի դիրքում ու գրել հետևյալը. «Եվ կրկին Մխիթարյանն ամենակտիվն էր «Շախտյորի» կազմում: Առաջին խաղակեսում Մխիթարյանը հիանալի պահ չիրացրեց և այնքան էլ արդյունավետ չէր խաղում: Այդուհանդերձ, ընդմիջումից հետո իրավիճակը փոխվեց և նա արդեն իր նման էր»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության 2-րդ տուրում «հանքափորները» հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեցին «Գովերլային», իսկ Հենրիխը խփեց իր թիմի առաջին գոլը: Ընթացիկ առաջնությունում անցկացրած 2 խաղում Մխիթարյանն արդեն դարձել է 3 գոլի հեղինակ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել