Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան

Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր և խորհրդարանի անդամ Վարդան Օսկանյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում, ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր և խորհրդարանի անդամ Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ սույն թվականի հուլիսի 23-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք՝ այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Վարդան Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը։

Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ բոլոր հիմքերն առկա են վերաքննիչ դատարան դիմելու համար։ «Դատարանն իր պատճառաբանությունների մեջ նշում է, որ Վարդան Օսկանյանի իրավունքները չեն խախտվել, ինչը որևէ կերպ չպատճառաբանված եզրահանգում է: Միաժամանակ, դատարանը չի անդրադարձել և չի պատասխանել մեր բողոքի փաստարկներին»,- մեկնաբանել է Տիգրան Աթանեսյանը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին հասցեագրված նամակով հարցադրում է արել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված Սիվիլիթաս հիմնադրամի՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը։

Նշենք, որ ստուգումները, որոնք երկարաձգումից հետո պետք է ավարտվեին 2012թ. օգոստոսի 3-ին, ՊԵԿ նախագահի հրամանով հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով։

Մեկնաբանել