Եգիպտոսի նախագահը պաշտոնանկ է արել զինված ուժերի բարձրաստիճան ղեկավարների

Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին երեկ երեկոյան պաշտոնից ազատել է երկրի պաշտպանության նախարար և Զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար, ֆելդմարշալ Մուհամադ Հուսեյն Տանտաուիին ու գլխավոր շտաբի պետ, գեներալ Սամի Անանին, հաղորդում է BBC-ն։

Բացի այդ՝ Մուրսին չեղյալ է հայտարարել սահմանադրական հռչակագիրը, որն ուղղված էր նախագահի լիազորությունների սահմանափակմանն ու մինչ այժմ փոխարինում էր երկրի հիմնական օրենքին։

Եգիպտոսի նախագահի մամլո քարտուղար Յասեր Ալին հայտարարել է, որ Զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավարի պաշտոնում Տանտաուիին փոխարինելու է Աբդ ալ Ֆաթահ Սիսին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ վերջինս զբաղեցնելու է ֆելդմարշալ Տանտաուիի տեղը՝ միաժամանակ գլխավորելով և՛ Եգիպտոսի Զինված ուժերը, և՛ պաշտպանության նախարարությունը։

Մուհամադ Մուրսիի մամլո քարտուղարը հայտարարել է, որ գեներալ Անանն ու ֆելդմարշալ Տանտաուին նշանակվել են նախագահի անձնական խորհրդականներ և ստացել են Եգիպտոսի պետական բարձրագույն պարգևներ՝ «Նեղոսի շքանշան»։

Կահիրեում BBC-ի թղթակիցը հաղորդում է, որ նախագահի նախաձեռնությունը պարզ ցույց է տալիս նրա՝ զինված ուժերի նկատմամբ վերահսկողության հաստատման համար պայքարում վճռական քայլերի դիմելու ցանկությունը։

Մեկնաբանել