Լոնդոնի Օլիմպիական խաղերի ամփոփումը. Հայաստան, տարածաշրջան, ԱՊՀ

Լոնդոնում ավարտվեց 30-րդ Օլիմպիական խաղերը: Հայաստանի օլիմպիական հավաքականը քառամյակի խոշորագույն մարզական մրցումներում նվաճեց ընդամենը 3 մեդալ և մեդալների թիմային հաշվարկում զբաղեցրեց 60-րդ տեղը: Civilnet-ն իր մարզական գործընկեր SportArmenia-ի հետ 17 օր շարունակ մանրամասն լուսաբանեց Խաղերի ընթացքը, իսկ հայ մարզիկների ելույթները ներկայացրինք ուղիղ տեքստային ռեպորտաժներով և ֆոտոշարքերով: Այժմ Ձեզ ենք ներկայացնում այս ամենի ամփոփումը:

Հայ մարզիկներ.

Մեր 25 մարզիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց հունահռոմական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ով մինչև 74 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալը: Հունահռոմեական ոճի ըմբիշներն ընդհանուր առմամբ արդարացրին սպասելիքները. բացի Արսենից մեդալ նվաճեց նաև 96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը: Չնայած Արթուրից բոլորը ոսկե մեդալ էին ակնկալում, այդուհանդերձ, 21 ամյա մարզիկի համար օլիմպիական բրոնզը նույնպես մեծ հաջողություն էր:

Հայաստանի 3-րդ մեդալը նվաճեց գերծանրքաշային ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը: Թեև Հռիփսիմեի մեդալը չափազանց կարևոր է Հայաստանի համար, Օլիմպիական խաղերում մեր ծանրորդների ելույթները միանշանակ անբավարար կարելի է գնահատել: Այս խնդրին արդեն անդրադարձել ենք և դեռ կանդրադառնանք:

Խաղերի վերջին օրը մեդալին շատ մոտ էր նաև մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, սակայն արդեն տեղեկացրել ենք, որ նա քառորդ եզրափակչում մրցավարների կասկածելի որոշմամբ զիջեց ղազախ մարզիկին: Ազատ ոճայինների ելույթները նույնպես անբավարար են, քանի որ նրանք ձեռնունայն են վերդառնում Հայաստան:

Սպասելիքները մեծ էին նաև Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիր Արման Երեմյանից, ով մեդալ չնվաճեց, բայց շատ լավ մարտեր անցկացրեց և հասավ մինչև կիսաեզրափակիչ:

Որոշակի ակնկալիքներ կային նաև հրաձիգ Նորայր Բախտամյանից, բայց նա մասնակցեց 2 մրցման և 2 դեպքում էլ անհաջող: Մյուս մարզաձևերի ներկայացուցիչների ցանկացած հաջողություն մեծ անակնկալ կլիներ, այդուհանդերձ, հաճելի անակնկալներ չգրանցվեցին:

Մեդալների թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 60-րդ տեղը: Թեև այս արդյունքը Պեկինի Օլիմպիական խաղերի համեմատ ակնհայտ առաջնթաց է. 4 տարի առաջ մենք 78-րդն էինք, այդուհանդերձ Պեկինում Հայաստանը 2 անգամ ավելի շատ մեդալ նվաճեց` 6 բրոնզ:

Տարածաշրջան.

Մեր Տարածաշրջանում լավագույն արդյունքը ցուցադրեց Իրանը, որը նվաճեց 4 ոսկի, 5 արծաթ և 3 բրոնզ և թիմային հաշվորկում գրավեց 17-րդ տեղը: Պեկինում Իրանը 1 ոսկի, 2 բրոնզով ընդամենը 51-րդն էր:

Ադրբեջանը նույնպես առաջընթաց գրանցեց: Պեկինում նրանք 39-րդն էին` 1 ոսկի, 2 արծաթ, 4 բրոնզ, իսկ Լոնդոնում 30-րդն են` 2 ոսկի, 2 արծաթ, 6 բրոնզ:

Թուրքիան 2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզով հանգրվանեց 32-րդ տեղում, 4 տարի առաջ թուրքերը 37-րդն էին` 1 ոսկի, 4 արծաթ, 3 բրոնզ:

Տարածաշրջանում միայն Վրաստանն է նահանջել: Նախորդ Օլիմպիական խաղերի համեմատ 3 ոսկի, 3 բրոնզ (27 տ.), վրացիները նվաճեցին 1 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ և նահանջեցին 39-րդ տեղ:

Ինչպես տեսնում եք տարածաշրջանում Հայաստանը կրկին վերջինն է, չնայած Պեկինի համեմատ առաջադիմել ենք 18 տեղով:

ԱՊՀ.

ԱՊՀ երկրներից, բնականաբար, լավագույն արդյունքը ցույց տվեց Ռուսաստանը, որը թեև 4 տարի առաջ ավելի քիչ մեդալ էր նվաճել, այդ թվում ոսկե, բայց նահանջել է 1 տեղով և պատմության մեջ առաջին անգամ տեղ չի զբաղեցրել լավագույն եռյակում: Ռուսները 4-րդն են:

Գերազանց արդյունք ցույց տվեց Ղազախստանը` 7 ոսկի, 1 արծաթ, 5 բրոնզ և 12-րդ տեղ, Պեկինում նրանք 29-րդն էին:

ԱՊՀ-ում 3-րդն Ուկրաինան է, որը 6 ոսկի, 5 արծաթ, 9 բրոնզով հանգրվանեց 14-րդ տեղում: Նրանց հաջորդում են բելառուսները (23 տ.)` 3 ոսկի, 5 արծաթ, 5 բրոնզ:

Ադրբեջանի 30-րդ և Վրաստանի 39-րդ տեղերի մասին արդեն ասել ենք, իսկ Ուզբեկստանը 1 ոսկի, 3 բրոնզով 47-րդն է: Հաջորդը Հայաստանն է: ԱՊՀ երկրներում մեդալ նվաճած պետություններից միայն Տաջիկստանն է զիջում Հայաստանին, որը 1 բրոնզով զբաղեցրել է 79-րդ տեղը:

Մեկնաբանել