Բենզինը կարող է էլի թանկանալ

Հայաստանի վառելիքի շուկայում մոտ 2,5 ամիս պահպանվող գնանկումը փոխարինվեց գնաճով։ Ներքին շուկայում բոլոր տեսակի բենզինը թանկացել է 10 դրամով։ Շուկայի մասնակիցները գների հետագա բարձրացումը չեն բացառում։

Հայաստանի ներքին շուկայում 1լ բենզինի թանկացումը 10 դրամով պայմանավորված է համաշխարհային շուկայում գների բարձրացումով։ Այս մասին Սիվիլնեթին ասացին բենզինի շուկայի խոշոր մասնակից ընկերությունների ներկայացուցիչները։ Ըստ նրանց՝ միայն օգոստոսին համաշխարհային շուկայում 1 տոննա բենզինի գները բարձրացել են մոտ 10%-ով, ինչը չէր կարող չազդել ներքին շուկայում գների վրա։

Շուկայի մասնակիցների կարծիքով, եթե համաշխարհային շուկայում գների աճի ներկայիս միտումները պահպանվեն, ապա մոտ մեկ ամսից իրենք ներքին շուկայում ստիպված են լինելու նորից վերանայել գները, քանի որ ներկրվելու է թանկ վառելիքը։

Նշենք, որ գների բարձրացումից հետո ներկայումս 1լ «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 480 դրամով։ Այս տարվա ընթացքում համաշխարհային շուկայում նավթի և նավթամթերքի գների աճի, ինչպես նաև դրամի արժեզրկման հետևանքով մինչև մայիսի վերջ Հայաստանի ներքին շուկայում բենզինի գներն պարբերաբար բարձրացվում էին և մայիսի կեսին 1 լ «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր 500 դրամով (հունվարին 1 լ գինը կազմում էր 440 դրամ)։ Հունիսին և հուլիսին համաշխարհային շուկայում գների որոշակի նվազեցման արդյունքում Հայաստանի բենզինի շուկայի ընկերությունները ներքին շուկայում պարբերաբար իջեցրել են գները՝ հուլիսի 20-ից 1 լ «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր 470 դրամով։

Մեկնաբանել