Հռիփսիմե Խուրշուդյանը կամուսնանա և 1 տարի դադար կվերցնի

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրքաշային ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը ամուսնանալուց հետո 1 տարի չի զբաղվի սպորտով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց անձամբ մարզուհին:

«Շատ ուրախ էի: Բոլորը տեսան` ինչպես հարթակից թռա մարզչիս գիրկը: Ինձ վրա չազդեց անգամ, որ 2-րդ մոտեցումս չհաշվեցին: Դեռ չգիտեի, որ մեդալ եմ նվաճել, բայց շատ ուրախ էի:

Կարող եմ ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել` մինչև 190 կգ (հրում վարժությունում), եթե անձնական քաշս ավելացնեմ: Այդ դեպքում կկարողանամ պայքարել առաջատարների հետ: Այս տարի կամուսնանամ, բայց դա չի նշանակում, որ հրաժեշտ կտամ սպորտին. 1 տարի դադար կվերցնեմ, ինձ կնվիրեմ ընտանիքիս, որից հետո կրկին կվերադառնամ մարզումներիս: Ցանկանում եմ շարունակել ուրախացնել ազգիս»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Մեր մարզուհին խոսեց նաև Հայաստանում իրեն սպասող անակնկալներից, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին:

«Մեր գյուղում ինձ համար մեծ անակնկալ էին պատրաստել: Մեծ միջոցառում էր իմ հաղթանակի պատվին: Շատ շնորհակալ եմ բոլորից: Ինձ շատ լավ դիմավորեցին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով միշտ մեր կողքին է և իմ վիրահատության բոլոր ծախսերը հենց նա է հոգացել: Շատ շնորհակալ եմ նաև մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին. նրա դերը նույնպես շատ մեծ է իմ հաջողության մեջ», – ասել է մարզուհին:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել