20 օգոստոս, 2012 14:44

Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի` երկրաշարժից տուժած նահանգի ղեկավարությանը

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ Թավրիզում կայացած հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Սյունիքի և Տավուշի մարզպետների ցավակցական ուղերձները և նշել, որ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով Երևանից 5 բեռնատար ավտոմեքենա է մուտք գործել Իրանի տարածք, ասված է արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

Նահանգապետ Բեյգին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ցուցաբերած օգնության և հղած ջերմ խոսքերի համար, հայտնել է, որ նման իրավիճակներում այլ երկրներից առաքվող օգնություններն անչափ կարևոր և արժեքավոր են: 

Նահանգապետը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունը չէր զիջում 2003թ. իրանական Բամ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժին, ավերվել է Արևելյան Ատրպատականի 314 գյուղ, իսկ տուժածների թիվը գերազանցում է 300 հազ-ը: 

Նահանգապետը նաև հայտնել է, որ ներկայում 74 հազ. հոգի բնակեցվել Է վրանային ճամբարներում, և արդեն մեկնարկել են շուրջ 22 հազ. հոգու համար նախատեսված մշտական բնակարանների շինարարական աշխատանքները: