eBay-ում «վհուկների» որս է սկսվել

Աշխարհում խոշորագույն առցանց աճուրդի` eBay-ի ղեկավարությունը արգելել է իր կատալոգներում մոգական ապրանքների և ծառայությունների մասին տեղեկատվություն տեղադրել: Կախարդական թուրմերի, աղոթքների, օրհնությունների և անեծքների, գուշակության և համանման այլ ծառայությունների վաճառքը eBay-ում կարգելվի օգոստոսի 30-ից: Կայքի կանոնների նորացված էջում նշվում է, որ այս ապրանքների հետ կապված բոլոր բաժինները ևս կհեռացվեն կայքից:

Այն օգտատերերը, որոնք այժմ զբաղվում են վերոհիշյալ ապրանքների և ծառայությունների տարածմամբ, պետք է վաճառեն կամ հեռացնեն էջից ամբողջ տեսականին մինչև սեպտեմբերի սկիզբը: Նրանք, ովքեր կփորձեն շրջանցել արգելքը, կզրկվեն իրենց օգտահաշիվներից:

Աշխարհի խոշորագույն համացանցային աճուրդի ղեկավարության խոսքով` վերոնշյալ ապրանքների և ծառայությունների հետ կապված գործարքները դժվար լուծելի վեճերի են հանգեցնում վաճառողի և գնորդի միջև: eBay-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպությունը հաճախ է վերանայում վաճառքի համար թույլատրված և չթույլատրված լոտերի ցուցակները` հիմնվելով օգտատերերի ահազանգերի վրա:

Մեկնաբանել