Վրաստանում օտարերկրյա դեսպանները ընտրությունների մասին հայտարարություն են տարածել

Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական մի շարք առաքելությունների ղեկավարները այս երկրում հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարություն են տարածել:

Դեսպանները ընտրություններին մասնակցող կուսակցություններին կոչ են արել համաձայնության գալ ընտրական շրջանում վարքագծի կանոնների վերաբերյալ՝ հավանություն տալով «Դա վերաբերում է քեզ» արշավի շրջանակում ընդունված սկզբունքներին:

Դեսպանները հայտարարել են, որ աջակցում են Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, մասնավորապես ազատ և արդար ընտրությունների անցկացման հիմնարար սկզբունքներին, բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների, լրատվամիջոցների հավասար մատչման ապահովմանը:

Դիվանագետներից կազմված աշխատանքային խմբում հիմնականում ընդգրկված են ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանները:

«Դա վերաբերում է քեզ» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է Վրաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների, մամուլի ներկայացուցիչների կողմից: Նախաձեռնությունը մշակել և հուլիսին հրապարկել է ընտրաշավի ընթացքում ընտրությունների մասնակից թեկնածուների և կուսակցությունների վարքագծի մասին 17 կետից կազմված փաստաթուղթ:

Կուսակցությունների շրջանում առավել խնդրահարույցը ընտրությունների արդյունքների և դրանց ընդունման վերաբերյալ կետն է եղել, որը անցած շաբաթ որոշակի փոփոխությունների է ենթարկվել:

Մեկնաբանել