Սիրիայի հեղափոխականները սպառնում են կառավարամետ հայ զինյալներին

«Սիրիայի հեղափոխության գերագույն խորհուրդը» հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է սիրիահայ համայնքի որոշ անդամներին չաջակցել կառավարական ուժերին, հաղորդում է սիրիական Shamtimes կայքը։

Հայտարարության համաձայն` Հալեպի և Քեսաբի հայ համայնքից մի շարք անհատներ, զինվելով և վարչակարգի կողքին կանգնելով, դիմադրում են հեղափոխականներին և Սիրիայի ազատ բանակին։ Հայտարարության համաձայն ՝ հայկական համայնքին պատկանող որոշ խմբեր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի պաշտպանության համար անցակետեր են տեղադրել Քեսաբի շրջանում, ինչպես նաև օժանդակում են «շաբիհա» կառավարամետ միլիտանտներին՝ ապաստան տալով նրանց իրենց տներում և ապահովելով նրանց զենքով ու զինամթերքով։

Ընդդիմադիր խորհուրդը զգուշացնում է վարչակարգի հետ ռազմական համագործակցության մեջ չմտնել և հայտարարում, որ «վարչակարգը ցանկանում է փոքրամասնություններին կռվի մեջ ներքաշելով արմատավորել դավանանքային խտրականությունն ու երկրի մասնատումը»։

Հայտարարությունում հայ կրոնական ղեկավարությանը նաև կոչ է արվում դատապարտել այս քայլերը և գտնել դրանց պատասխանատուներին:

Նշենք, օգոստոսի 22-ին «Հալեպի մուսուլման կղերականների ճակատ» անունով մի խումբ հայտարարություն էր տարածել, որում նշվել էր, թե Հալեպի քրիստոնյա այն համայնքները, որոնք սիրիական ճգնաժամում չեզոք դիրքորոշում են որդեգրել, պետք է խնայվեն, և պետք է պատժվեն միայն նրանց հանցագործ անդամները։

Այս հայտարարությանը պատասխանել էին մի խումբ քրիստոնյաներ՝ Սիրիայի բոլոր քրիստոնյաների անունից` հայտարարությունը որակելով քողարկված սպառնալիք և շեշտել, որ «Սիրիայի քրիստոնյաները ժողովրդի բոլոր հատվածների նման առաջին օրվանից էլ մասնակցել և մասնակցում են սիրիական հեղափոխությանը»։

Մեկնաբանել