Դավութօղլուն ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ լուծել սիրիացի փախստականների խնդիրը

Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցչության հետ հանդիպման ընթացքում առաջարկել է անհապաղ միջոցներ ձեռնարկել սիրիացի փախստականների ներհոսքը կանխելու նպատակով, հաղորդում է Anadolu գործակալությունը։

ՄԱԿ-ի գերագույն խորհրդի հանձնակատար Անտոնիո Գուտերեսը շնորհակալություն է հայտնել Դավութօղլուին Թուրքիայի հարավային շրջաններում սիրիացի փախստականներին ապաստան տալու համար։

«Անվտանգության խորհուրդը պետք է այցելություններ կազմակերպի այն երկրներ, որտեղ սիրիացի փախստականների թիվը մեծ է, և ականատես լինի նրանց և տեղացի բնակչության միջև առկա ընդհարումներին` իրավիճակի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: Մենք մեր դռները բացում ենք այն բոլոր սիրիացիների առաջ, որոնք մեր երկիր են գալիս ապահով լինելու համար` անկախ կրոնական և էթնիկ ծագումից»,- ասել է Դավութօղլուն` հավելելով, որ Թուրքիայում սիրիացիների թիվն արդեն հասնում է 100 հազ-ի, իսկ մոտ 10 հազ-ը սահմանին սպասում են։

Նշենք, որ Դավութօղլուն Նյու Յորք էր մեկնել Ֆրանսիայի հրավերով: Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև Թուրքիայի, Իրաքի, Լիբանանի և Հորդանանի արտգործնախարարները։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրուցում Դավութօղլուն նշել է, որ ՄԱԿ-ը պետք է բոլոր ջանքերը գործադրի` Սիրիայում լարված իրավիճակը շտկելու համար:

«Ժամանակն է, որ խոսելու փոխարեն գործեն: Մինչ Սիրիայում և հարևան երկրներում միլիոնավոր սիրիացիներ մարդասիրական օգնության են սպասում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդից, այն դեռ չի կողմնորոշվել, ինչը վկայում է Անվտանգության խորհրդի թույլ լինելու մասին»,- հավելել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն` սիրիացի փախստականների թիվը Թուրքիայում հասել է մոտ 80,4 հազ-ի:

Մեկնաբանել