3 սեպտեմբեր, 2012 17:04

Ֆրանսահայերը բողոքի հզոր ցույց կկազմակերպեն Փարիզում

Հունգարիան, արտահանձնելով Ադրբեջանին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին շարունակում է խթանել պանթուրքական բացահայտ բնաջնջման և անպատժելիության քաղաքականությունը, հաղորդում է ֆրանսիական Nouvelles d’Armenie-ն՝ վկայակոչելով ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարությունը:

Ֆրանսահայերը սեպտեմբերի 6-ին Հունգարիայի դեսպանատան առաջ բողոքի հզոր ցույց են կազմակերպելու: Ֆրանսահայերը ևս մեկ անգամ կդատապարտեն Հունգարիայի որոշումը, ինչը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, հակասում է Եվրոպայի խորհրդի բոլոր արժեքներին ու մարտահրավեր է հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքին, ինչպես նաև կպահանջեն, որպեսզի Ռամիլ Սաֆարովը շարունակի կրել իր պատիժը միջազգային վերահսկողության ներքո: