7 սեպտեմբեր, 2012 14:36

Դիվանագիտական կոռեկտությունը վնասում է տարածաշրջանի անվտանգությանը. Սերժ Սարգսյանը՝ ԵԱՀԿ դեսպաններին

Մարդասպանին արդարացնելու նպատակը փորձ էր՝ փորձարկելու միջազգային հանրության արձագանքները Ադրբեջանի արտառոց քայլերին, և դիվանագիտական կոռեկտությունը ներկա պարագայում ուղղակի վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը, այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Միջազգային հանրության համբերության այդ փորձարկումը վաղուց է սկսվել, երբ ադրբեջանցիները տարիներ առաջ սկսեցին կոպտորեն խախտել սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որևէ մեկը չարձագանքեց այս կոպիտ խախտումներին: Եվ երբ Ալիևը հայտարարեց, որ իրենց թիվ մեկ թշնամին հայությունն է, և թշնամուն պետք է ոչնչացնել, որևէ մեկը չարձագանքեց: Մեր բոլոր զգուշացումներին, մեր բոլոր խնդրանքներին և՛ համանախագահներին, և՛ մնացածներին, որ սա վատ գործընթացի սկիզբ է, ստանում էինք անընդունելի պատասխաններ: Իսկ պատասխանը հետևյալն է, որ Ալիևի այդ հայտարարությունները նախատեսված են ներքին սպառման համար»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ անգամ ԱՄՆ պետդեպի քարտուղարի տարածաշրջան այցելության ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպեցին մի քանի դիվերսիոն գործողություններ, և արձագանքը կրկին թույլ էր:

«Ես վստահ եմ, որ պատերազմ չի ցանկանում նաև մեր տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգ որևէ երկիր: Բայց ցանկությունը քիչ է, անհրաժեշտ են գործողություններ: Եվ այդ գործողությունները պետք է սկսվեն իրերն իրենց անունով կոչելով: Այսպես ասած դիվանագիտական կոռեկտությունը ներկա պարագայում ուղղակի վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է նախագահը՝ դիմելով դեսպաններին, որ կոչ անեն իրենց կառավարություններին և ԵԱՀԿ-ին առարկայորեն զբաղվել վերոնշյալ խնդրով:

Միաժամանակ՝ նախագահը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ի սկզբունքները և անվտանգության համապարփակ ընկալումն ամբողջովին համահունչ են Հայաստանի պատկերացումներին, և որ «մեր երկիրը բարեխղճորեն կատարում է իր բոլոր հանձնառությունները»:

Նշենք, որ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակից Trend գործակալությանը հայտնել էին, որ ԵԱՀԿ դեսպանների այցն Ադրբեջան նախատեսված է սեպտեմբերի 10-11-ը:  Այցի նպատակն է տարածաշրջանին ծանոթանալն ու ընթացող գործընթացների շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակումը: