19 սեպտեմբեր, 2012 20:40

Մահացել է սիրված դերասանուհի Հրաչուհի Ջինանյանը

Այսօր, կյանքի 91-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է սիրված դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Հրաչուհի Ջինանյանը: 

Նա ծնվել է 1919 թ. նոյեմբերի 25-ին, Կ. Պոլսում: 1925 թ. հաստատվել է Հայաստանում: 1936-41թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941 թվականից աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր: Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչև 2002թ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը:

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: 1984թ. ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում: 2001թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: 2003թ. արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը:

Հրաչուհի Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը, որով հայտնի է դարձել հայ հանրությանը: Անվանի դերասանուհու որդին սիրված դերասան Արթուր Ութմազյանն է:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ութմազյանների և Ջինանյանների ընտանիքին ու նրանց հարազատներին՝ անվանի դերասանուհի, ասմունքող, մանկավարժ, Հայաստանի ռադիոյի վաստակաշատ խոսնակ, ժողովրդական արտիստուհի Հրաչուհի Ջինանյանի մահվան կապակցությամբ. այս մասին տեղեկանում ենք Նախագահի պաշտոնական կայքից:

Հրաչուհի Ջինանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի նախագահությամբ: