Օբաման նշել է իր առաջին ժամկետի գլխավոր ձախողումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ միգրացիոն բարեփոխման ձախողումը եղել է իր նախագահության առաջին ժամկետի խոշորագույն անհաջողությունը։ ԱՄՆ-ի առաջնորդն իր այս հայտարարությունն արել է իսպանախոս ընտրողների հետ հանդիպման ժամանակ Ֆլորիդայում, հաղորդում է Reuters-ը։

«Ինչպես դուք ինձ հիշեցրիք, իմ խոշորագույն անհաջողությունը եղել է լավ մտածված միգրացիոն բարեփոխման ձախողումը։ Սակայն պատճառն այն չէ, որ մենք չէին ցանկանում հասնել դրան և որևէ փորձ չենք կատարել»,- հայտարարել է Օբաման։

«Ակնհայտ է, որ մեր՝ վաշինգտոնցի օրենսդիրների տրամադրությունները փոխելու անկարողությունը շատ է հուսահատեցնում։ Մենք չկարողացանք ազդել հանրապետականների վրա, ներառյալ այն 20-ին, որոնք նախկինում կողմ էին բարեփոխման իրականացմանը։ Դուք չեք կարող փոխել Վաշինգտոնի քաղաքական մեքենան ներսից, դուք կարող եք դա անել դրսից։ Միայն այդպես է կարելի հասնել զգալի տեղաշարժերի»,- ասել է նա։

Օբաման խոստովանել է, որ իր նախագահության առաջին տարիների առաջնահերթությունը եղել է տնտեսության փրկությունը։ Այսպիսի հայտարարություններն առաջացրել են նրա մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիի քննադատությունը։ «Նախագահն այսօր կրկին սպիտակ դրոշ բարձրացրեց և խոստովանեց իր պարտությունը։ Ժամանակին նրա կարգախոսն էր՝ «Այո՛, մենք կարող ենք», սակայն այսօր այն վերածվել է «Ո՛չ, ես չեմ կարող»-ի»,- ասել է Ռոմնին՝ ելույթ ունենալով Սարասոտայում (Ֆլորիդայի նահանգ)։

Ռոմնին ու հանրապետականները կողմ են միգրացիայի կանոնների խստացմանը, ինչն առաջացնում է իսպանախոս շատ ամերիկացիների քննադատությունը։ Օբաման հունիսին հրամանագիր արձակեց, որով անօրինական միգրանտները, որոնք ԱՄՆ են տեղափոխվել դեռ երեխա և պատանի, կարող են երկրում մնալ և աշխատանքի թույլտվություն ստանալ։ Փորձագետները նշում են, որ իսպանախոս ընտրողների շրջանում Օբաման ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան Ռոմնին։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 6-ին։

Մեկնաբանել