26 սեպտեմբեր, 2012 17:33

Որտեղի՞ց հայկական եկեղեցի Haberturk-ի գլխավոր խմբագրին

Վանի Յուքարը Բաքրաչլը գյուղում գտնվող Վարագավանքի վանական համալիրի շուրջ իրադարձությունները շարունակում են լայն արձագանք գտնել թուրքական մամուլում: Վանի վերջին երկրաշարժերից հետո վնասված եկեղեցին վերանորոգելու ցանկություն են հայտնել տեղի բնակիչները: Թուրքիայի իշխանությունները թույլատրել են վերանորոգումը՝ սեփականատիրոջ համաձայնության դեպքում։ Պարզվել է, որ եկեղեցին պատկանում է Haberturk-ի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըին:

Թուրքական Taraf օրաթերթին տված հարցազրույցում Ֆաթիհ Ալթայլըն հաստատել է, որ եկեղեցին իրոք պատկանում է իրեն: «Այո, եկեղեցին իմն է, այն եղել իմ պապինը, փոխանցվել է հորս և նրա մահից հետո՝ ինձ»,- ասել է թուրք խմբագրապետը: Ալթայլըն պատմել է, որ եկեղեցին իր պապին է անցել 1915-ից հետո՝ հայկական գույքի բռնագրավումից հետո: Նա նշել է նաև, որ եկեղեցու վերանորոգման հարցով իրեն ոչ ոք չի դիմել:

Haberturk-ի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըի հայտարարությունը, թե եկեղեցին պատկանում է իրեն, դժգոհություն է առաջացրել Թուրքիայի հայության շրջանում: Ազգությամբ հայ Նադյա Ույգունի գլխավորությամբ նրանք նամակ են հղել Ալթայլըին:

Նամակում մասնավորապես ասված է. «Ըստ ձեզ՝ հայերը մի առավոտ գնացել են խնջույքի, լքել այս հողերը, և այդ անտեր հողերը ձեր պապին է մնացել: Մտածեք՝ դուք թուրք մուսուլման եք, որտեղի՞ց ձեզ հայկական եկեղեցի»:

Թուրքիայում ապրող հայերը նամակում առաջարկել են եկեղեցին հանձնել Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանին՝ ստեղծված իրադրությունում այն միակ խելամիտ լուծումը համարելով։

Վարագավանքը հայկական հնագույն եկեղեցիներից է: Վանքի կառուցումը կապվում է Հռիփսիմե և Գայանե կույսերի անվան հետ, որոնք 3-րդ դարի վերջին խաչափայտի մասունքները բերել են Վան: Համանուն լեռան վրա գտնվող Վարագավանք վանական համալիրը հայտնի է նաև Յոթ եկեղեցի անվամբ: Վարագավանքը եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը: Խրիմյան Հայրիկն այստեղ ձեռնարկել է «Արծիվ Վասպուրականի» հանդեսի տպագրությունը: