Օսկանյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում գրառում է արել իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Ազգային ժողովի որոշման մասին:

«Քիչ առաջ խորհրդարանն ինձ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից:

Գրեթե միաժամանակ տեղեկացանք, որ հարևան Վրաստանում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում:

Փաստորեն Վրաստանում արդեն կա քաղաքական հակակշիռ՝ նախագահը մի կուսակցությունից է, օրենսդիրն ու կառավարությունը շուտով կլինեն այլ կուսակցության ձեռքում: Սրանով Վրաստանը մեզանից նաև քաղաքականապես ևս տասը քայլ առաջ անցավ:

Այս տարածաշրջանում այս հարցում առաջինը լինելու հնարավորություն մենք ունեինք խորհրդարանական անցած ընտրությունների ժամանակ: Բոլորդ հիշում եք այդ օրերին իմ և ԲՀԿ-ի քաղաքական պայքարի գաղափարական հենքը, որն այդ հակակշիռն ստեղծելն էր: Հաշվի առնելով այդ օրերին ժողովրդի տրամադրությունները՝ այդպիսի արդյունքն անխուսափելի էր: Բայց դա չստացվեց, որովհետև իշխող կուսակցության պարագլուխները չունեցան այդ հեռատեսությունը՝ կարողանալ պետության և ժողովրդի շահերը վեր դասել իրենց նեղ կուսակցական, կլանային և անձնական շահերից:

Կեղծվեցին ընտրությունները, և այսօր ունենք այն, ինչ ունենք: Եթե լիներ այդ հակակշիռը, այսօր մեր խորհրդարանում նման անարդարություն չէր լինի: Այդ անարդարությունն իմ նկատմամբ չէ: Դա մեր ժողովրդի, սովորական քաղաքացու, երիտասարդ սերնդի նկատմամբ է և առհասարակ՝ մեր երկրի ճակատագրի նկատմամբ»,- գրել է Օսկանյանը:

Մեկնաբանել