5 հոկտեմբեր, 2012 09:44

Կոթողայնություն՝ փոքր չափերի մեջ

Հոկտեմբերի 3-ին Նկարչի տանը բացված քանդակագործ Յուրի Պետրոսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 12-ը: Լինելով հետահայաց՝ այն նպատակ ունի արվեստասերներին ներկայացնելու վաստակավոր նկարչի ստեղծագործական ողջ վաստակը՝ սկսած 1967-ից, երբ նա ավարտեց Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը: Մինչ այդ սովորել էր Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում:
 
«Բախտի բան էր,– հիշում է 70-ամյա վարպետը,– լավ ուսուցիչներ ունեցա»: Անդրադառնալով քանդակի իր առաջին ուսուցիչ Սուրեն Նազարյանին՝ ասում է. «Նա անհատական մոտեցում ուներ յուրաքանչյուրիս հանդեպ: Մեր հիմքերը լավ դրեց»: Ընդ որում՝ «մեր» ասելով նկատի ունի իր տաղանդավոր համակուրսեցիներին՝ Արա Շիրազին, Հրանտ Հովսեփյանին և Երվանդ Գոջաբաշյանին:

Ինստիտուտում ուսումնառության տարիներին այս կուրսի ղեկավարությունը ստանձնել է նշանավոր քանդակագործ և մանկավարժ Արա Սարգսյանը: «Մեր ուսուցիչները մեզ ուղղորդել են՝ առանց պարտադրելու»,– երախտագիտությամբ հիշում է Յուրի Պետրոսյանը: Ինքը, իհարկե, ափսոսում է, որ չի դասավանդում. «Ուղղակի չեմ կարող. ամեն մարդու տրված չէ մանկավարժի կոչումը»: Բայց այդ գործն այսօր հաջողությամբ «իրականացնում են» Յուրի Պետրոսյանի ստեղծագործությունները՝ իրենց շուրջ սփռելով հայրենասիրություն, կամք և լավատեսություն: Այո՛, այս հատկանիշներն են իրենց մեջ կրում ցուցահանդեսին ներկայացված գրեթե բոլոր աշխատանքները՝ քանդակներն ու գրաֆիկական թերթերը, դեկորատիվ ափսեներն ու կոլաժները: 1992թ. բացված երևանյան անհատական առաջին ցուցահանդեսից հետո բազմաթիվ նոր աշխատանքներ են ծնվել քանդակագործի արվեստանոցում. շատերն էլ իրենց հերթին են սպասում:

Հինգ տասնամյակից ավելի Պետրոսյանը հետևողականորեն խորացնում է իր հաջողությունները նոր ձևերի յուրացման մեջ, զարգացնում նախասիրած թեմաները: Իսկ դրանք քանդակային սգերգերն են («Ռեքվիեմ») ու «Ողբեր» շարքը: Այս շարքերով հեղինակն ամենևին էլ նպատակ չունի հուսահատական տրամադրություններ առաջացնել: Ընդհակառակը՝ դրանք ուժեղ մարդ-անհատի, ճակատագրի ծանր հարվածներ կրած ժողովրդի ոգու ամրության դրսևորումներ են, ապագայի հանդեպ հավատ ներշնչող կերպավորումներ:

Իրավացի է, անշուշտ, արվեստաբան Պողոս Հայթայանը, երբ նշյալ շարքերի ստեղծագործություններն անվանում է «ապրեցնող ողբեր»՝ հեղինակին բնութագրելով հետևյալ կերպ. «Վերջին կեսդարյա հայ արձանագործության բազմադեմ համապատկերում Յուրի Պետրոսյանի պլաստիկական նվաճումները իրենց մեջ կրում են ժամանակի առաջավոր միտումները, սակայն ավելի տեսանելի է նրա շեշտված ինքնությունը՝ բարձր հումանիզմի տարրերով, բանաստեղծական վերասլացումներով, մարդու և բնության հավերժական կապի անանց վկայություններով»:

Քանդակագործության ժանրային առանձնահատկությունները և ընձեռած հնարավորությունները սովորաբար ավելի սահմանափակ են՝ արտահայտելու շրջապատող իրականության բազմազան երևույթները: Սա կարծես չի վերաբերում Յուրի Պետրոսյանին: Նրան հաջողվում է արծարծել այնպիսի «ոչ քանդակային» թեմաներ, ինչպիսիք են «Գիշերը», «Անուրջները», «Մտորումները» և այլն:

Հիշատակենք այդ «Մտորումներից» մեկը՝ ստեղծված 1996թ.: Հաստաբեստ նստարանին թիկնած ու հայացքը դեպի վեր պարզած երիտասարդ կին է բնորդը, որը դիտողին համակում է խոհական տրամադրությամբ և երազային ապրումներով:

Քանդակագործը տարբեր նյութեր է օգտագործում՝ քար, հրակավ, բրոնզ: Հետաքրքիրն այն է, որ քար սիրելով հանդերձ քիչ է աշխատել դրանով: Նախասիրած նյութը հրակավն է, որն այնուհետև թրծվում է բարձր ջերմաստիճանի տակ: Ինչպես ինքն է ասում. «Դա ձևաստեղծման ավելի լայն հնարավորություններ է տալիս՝ թույլ տալով ասելիքդ ավելի լավ արտահայտել»:

Նյութը հաճախ թելադրում է մշակվածության չափը, մի տեսակ ոչ ավարտունության պատրանք ստեղծում: Այն միաժամանակ նախաստեղծ շունչ է հաղորդում քանդակագործի ստեղծած կերպարներին: Մարդկային բեկբեկուն ֆիգուրների, իրանի ընդհատվող մասերի հետաքրքիր զուգորդումների միջոցով հեղինակը կարողանում է յուրովի տեղ հասցնել իր մտադրությունը:

1991թ. ստեղծած «Ռեքվիեմը», օրինակ, պատկերում է երկատված մարմնով մարդու, որն ավելի շատ երկատված հոգի է հիշեցնում: Նույն սկզբունքով է կերտված նաև «Զարթոնք» քանդակը (1987թ.). այն ունի խաչաձև կոմպոզիցիա և մեծ արտահայտչականություն: Ընդհանրապես, Յուրի Պետրոսյանի քանդակային լեզուն առանձնանում է գեղարվեստական պայմանականության ձևերի բազմազանությամբ և ընդհանրացված կերպավորման յուրահատկություններով:

Հետաքրքիր մի զգացողություն ևս՝ երբ թերթում ես հատուկ այս ցուցահանդեսի առիթով հրատարակված կատալոգը։ Յուրաքանչյուր էջում կոթողային՝ մոնումենտալ հնչեղությամբ մի գործ է: Իրականում դրանք փոքրաչափ ստեղծագործություններ են՝ հաճախ 16-20 սմ բարձրությամբ: Դրանք՝ բոլորն անխտիր, հատկորոշվում են ներքին զորեղ լիցքերով և առնական շեշտվածությամբ: Մերօրյա սոցիալական պայմաններն են ստիպում քանդակագործներին ստեղծելու մանրածավալ քանդակներ: Յուրի Պետրոսյանը ևս բացառություն չէ: Ցուցահանդեսին ներկայացված ամենածավալուն աշխատանքը 1 մ բարձրությամբ «Ռեքվիեմն» է՝ նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակին։

Սակայն նրա մոնումենտալ շատ աշխատանքներ այսօր զարդարում են մեր քաղաքներն ու գյուղական բնակավայրերը: Ուշագրավ են ճարտարապետական շինությունների հետ քանդակային համադրումների պետրոսյանական փորձերը (մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի ճակատի, Գյումրիի դրամատիկական թատրոնի շքամուտքի, Սևանի ու Եղեգնաձորի մշակույթի տների ճակատամասերի հարթաքանդակները):

1999թ. Երևանը հարստացավ ընդհանրական լուծումներով արված հիասքանչ մի քանդակով՝ «Արամ Խաչատրյան»՝ դրված ֆիլհարմոնիկ մեծ դահլիճի առջևի հրապարակում: Հանճարեղ կոմպոզիտորը քանդակված է ներշնչանքի պահին՝ նստած բազկաթոռ դարձած կենաց ծառին: Գրավում են արձանի մոնումենտալ ու դեկորատիվ տարրերի ճաշակով զուգորդումը և միջավայրին գեղարվեստական շունչ հաղորդելու հեղինակի կարողությունը։ Նշենք, որ այն իրագործվեց մոսկվայաբնակ գործարար Սենիկ Գևորգյանի հովանավորությամբ: Վերջինիս նյութական սատարի արդյունքում տարիներ անց Կամերային երաժշտության տան հարևանությամբ վեր խոյացավ նաև Հովհաննես Այվազովսկու հուշարձանը:

Քնարական ընդգծված մեղմությամբ է աչքի ընկնում հեղինակի մեկ այլ ստեղծագործություն՝ «Պար աղավնիով», որ գտնվում է «Պրոմեթեյ» բանկի կենտրոնական գրասենյակի մոտ: Այն քանդակված է տերևանման կոմպոզիցիայով, որի կենտրոնում հոլանի բազուկներով կին է՝ պարային նազանքով ու աղավնաթև սլացքով:

Յուրի Պետրոսյանի վերջին շրջանի աշխատանքներում մեծ թիվ են կազմում դեկորատիվ ափսեները, որոնք իրենց ոճային առանձնահատկություններով ու խորքային-ծավալային լուծումներով նորություն են մեր կերպարվեստում:

Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում նաև արվեստագետի գրաֆիկական թերթերն ու կոլաժները: «Մինչև քանդակային էսքիզ ես անում, անկախ քեզանից ծնվում է գրաֆիկական գործ: Մեկը մյուսին օգնում է,– պատմում է հեղինակը:- Այլ ժանրով ստեղծագործելը քեզ հեռացնում է ֆորմաներից»: Որքան էլ հեռացնեն, միևնույն է, «քանդակային» են Յուրի Պետրոսյանի նաև ոչ քանդակային ստեղծագործությունները: Այդպիսին է արվեստագետի գեղարվեստական մտածողության կերպը:

Երևանյան նախորդ անհատականից ուղիղ 20 տարի անց Յուրի Պետրոսյանը բացել է երկրորդ անհատական ցուցահանդեսը՝ դրանով իսկ կարծես իր 70-ամյակին նվեր անելով մեզ՝ արվեստասերներիս: Մաղթենք, որ երկու տասնամյակ անց ևս մենք ականատեսը լինենք վարպետի նոր ստեղծագործությունների համահավաք ցուցադրությանը: