5 հոկտեմբեր, 2012 14:14

Նոր բացահայտումներ դեղորայքի շուկայում. ՏՄՊՊՀ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է դեղորայքի գծով պետգնումների ոլորտում կատարված ուսումնասիրությունները: Հոկտեմբերի 5-ին ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ուսումնասիրության երկրորդ և վերջնական փուլի արդյունքները: Ինչպես հաղորդում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից` հայտնաբերվել են ոլորտի հետևյալ խախտումները:

Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից անհամեմատ թանկ գնով

Այս փուլում ՏՄՊՊՀ-ի դիտակետում եղել են մարզերում և մայրաքաղաքում գտնվող 134 հիվանդանոցներ և դեղերի ներկրմամբ, արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ավելի քան 300 ընկերություններ: Վերոնշյալ 134 բուժհաստատություններից շուրջ 100-ը անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների անցկացման: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչև անգամ եռակի թանկ գնով: Օրինակ` հակաբորբոքային  «Ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է:

 1,5 միլիարդ դրամի վատնում՝ պետական միջոցներից 

Վերոնշյալ խախտումների հետ կապված ՏՄՊՊՀ-ն բացատրություն է պահանջել հիվանդանոցների տնօրեններից, որոնք պատճառաբանել են, որ, իբր, տեղեկացված չեն եղել օրենքին: Թեև խախտումներն առավելապես գտնվում են պետգնումների ոլորտում, սակայն իրավիճակը կարող է ազդել նաև մրցակցային դաշտի վրա՝ ստեղծելով անբարենպաստ միջավայր այն տնտեսվարողների համար, որոնք զրկվել են մրցույթներին մասնակցելու և միգուցե ավելի բարեխիղճ աշխատելու հնարավորությունից:
Բուժհաստատությունների նման վարքագծի հետևանքով պետական բյուջեին պատճառվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս, ընդ որում` խոսքը միայն առողջապահական հաստատությունների մասին է: Բնականաբար` կան նաև այլ կառույցներ, որոնց ևս պետական միջոցներ են հատկացվում դեղորայքի գնման նպատակով:  

Օրինախախտ բուժհաստատությունները 850-դրամանոց դեղը գնել են 4800-ով 

Մրցույթներ չեն հայտարարվել նաև սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող դեղորայքի ձեռքբերման համար: Ավելին` ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդանոցների տնօրենները հիվանդներին մշտապես ուղղորդել են միևնույն դեղատունը, որտեղից վերջինները ստացել են անվճար դեղորայքը, իսկ դրա համար իրական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ վճարել է  պետությունը:

Օրինակ` սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված և սոցիալական կարևոր նշանակության «Ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է, մինչդեռ հիվանդանոցն այն ձեռք է բերել 6 անգամ թանկ՝ 4800 դրամով:

Մրցույթների կազմակերպման առումով իրավիճակը վատ է հատկապես մարզերում 

Ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների` խախտումներն առավելապես  գերակշռում են մարզերում, իսկ առավել վատթար վիճակ է հատկապես Շիրակի մարզում, որտեղ մրցույթներ ընդհանրապես չեն իրականացվել: Բարվոք իրավիճակ չէ նաև Լոռու մարզում, որտեղ չի անցկացվել նախատեսված մրցույթների ավելի քան 50%-ը:

ՏՄՊՊՀ-ի որոշմամբ` պետական միջոցների յուրացման և չարաշահման վերաբերյալ փաստերը կուղարկվեն ՀՀ Գլխավոր դատախազություն: