5 հոկտեմբեր, 2012 13:57

Սերժ Սարգսյանի հրամանագրով մեկնարկում է 2012թ. աշնանային զորակոչն ու զորացրումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2012թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, հրամանագրի համաձայն` որոշվել է 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Որոշվել է նաև 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: