Հաղթեց բոլոր ստերով։ Առաջին հեռուստաբանավեճում պարտված Բարաք Օբաման Միթ Ռոմնիին մեղադրել է «անազնվության» մեջ։ Նախօրեին փորձագետներն ու հեռուստադիտողները Օբամա-Ռոմնի բանավեճի հաղթող միաձայն ճանաչել էին հանրապետականին։ Օբաման հարձակման է անցել և Ռոմնիին հիշեցրել է հարկային կրճատումների մասին խոստումները, հաղորդում է Euronews-ը։
«Դուրս գալով բեմ՝ ես հանդիպեցի մի շատ ոգևորված մարդու, որը ներկայացավ՝ որպես Միթ Ռոմնի։ Սակայն նա չէր կարող լինել Միթ Ռոմնին, քանի որ իրական Միթ Ռոմնին ամբողջ անցյալ տարին շրջել էր երկրով՝ խոստանալով կրճատել հարկերը $5 տրլն-ով՝ հօգուտ հարուստների։ Իսկ բեմին կանգնած այդ մարդը հայտարարեց, որ ոչինչ չգիտի այդ մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ռոմնիի նախընտրական շտաբում Օբամայի ելույթն անվանել են հեռուստաբանավեճի ձախողումից հետո «տանուլ տվածը հետ բերելու փորձ»։
«Մենք նախագահից չլսեցինք, թե հաջորդ չորս տարիները ինչու հնարավոր է՝ լինեն ավելի լավը, քան նախորդները։ Նա այդպես էլ չկարողացավ բացատրել, քանի որ նրա քաղաքականությունը հաջորդ չորս տարիներին նույնական է լինելու»,- հայտարարել է Միթ Ռոմնին։
Չնայած հեռուստաբանավեճում արձանագրած հաղթանակին՝ հարցումները ցույց են տալիս, որ Ռոմնին նախկինի պես հետ է մնում Օբամայից։ Երկրորդ հեռուստաբանավեճը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին։