Խաղողի օրինակը

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը շարունակում է օժանդակել Հայաստանում գյուղատնտեսության, սննդի վերամշակման ոլորտների զարգացմանն ու նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Հիմնադրամի երեկ մեկնարկած հերթական՝ 8-րդ համաժողովը նվիրված էր Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Էդուարդո Էռնեկյանը լուրջ ներդրումներ է կատարել ժամանակակից խաղողի այգիներ հիմնելու համար, ինչը լավ օրինակ է այլ գյուղացիական տնտեսությունների համար:

Երեկ Երևանում մեկնարկեց «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի կազմակերպած համաժողովը, որի բացմանը Տիգրան Սարգսյանը նշեց, թե այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է պրոֆեսիոնալ մասնակիցների հետ գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները քննարկելու, ոլորտի զարգացման նոր ուղիներն ու մեթոդները բացահայտելու համար: Նրա խոսքով՝ երկու տարի առաջ հայտարարվեց, որ այսուհետ գյուղատնտեսությունը լինելու է երկրի զարգացման առաջնահերթություններից մեկը։ Այսօր կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում և միջոցառումներ իրականացնում գյուղատնտեսության արդիականացման համար։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողագործության զարգացման համար մենք ունենք մեծ ներուժ: Ուրախալի է, որ այս ոլորտում կան նոր և լուրջ ներդրումներ: Այսօրվա վիճակագրական տվյալները վկայում են, որ խաղողի նկատմամբ պահանջարկը մոտակա տարիների ընթացքում գերազանցելու է առաջարկը: Միևնույն ժամանակ, ավելի է խստացվելու խաղողի որակի հարցը, ինչն ստիպելու է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: Այստեղ էլ կարևորվում է խաղողագործությունը ժամանակակից մեթոդներով կազմակերպելու խնդիրը»,– նշեց վարչապետը։

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը լրագրողներին ասաց, որ «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի 8-րդ համաժողովի նպատակը Հայաստանում գինեգործության զարգացմանն ու ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանն օժանդակելն է։ Նրա խոսքով՝ իր կողմից Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում խաղողի այգիների հիմնումը, ինչպես նաև գինու գործարանի կառուցումը նպատակ ունի հասնել Հայաստանում որակյալ գինի արտադրելու թիրախին։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք Հայաստանում արտադրել որակյալ ու մրցունակ գինիներ»,– ասաց Էռնեկյանը։

Համաժողովին հրավիրված են խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ, մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Ավստրալիայից և այլ երկրներից: Համաժողովի հիմնական թեման հայկական գինու՝ աշխարհում ճանաչելի ապրանքանիշ ստեղծելու հնարավորության քննարկումն է երեք բաղադրիչների շուրջ՝ որակյալ խաղողի մշակում, բարձրորակ գինու արտադրություն, արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպում։


Մեկնաբանել