Սաակաշվիլին և կորցված իշխանությունը

Վրաստանում խորհրդանական ընտրություններում հաղթանակ տարավ ընդդիմությունը: Երկրում իշխանությունը փոխվեց, քանի որ Վրաստանի նոր Սահմանադրության համաձայն՝ ռեալ լծակներն անցնում են խորհրդարանին և նրա մեծամասնության կողմից կազմված կառավարությանը:

Դասական իմաստով Վրաստանը հենց այս ընտրությունների արդյունքում միայն դարձավ ժողովրդավարական պետություն, թեև վերջին ինը տարիների ընթացքում «դեմոկրատիա» բառը Սաակաշվիլին իր երկրի բրենդն էր դարձրել:

Ժողովրդավարական համարվելու համար անհրաժեշտ է մի քանի նախապայման՝ բնակչության մեծամասնության մասնակցությունը ընտրություններին, պետության գործադիր և օրենսդիր մարմինների ընտրովի բնույթը և գոնե մեկ անգամ իշխանության փոխանցումը մի քաղաքական ուժից մյուսին խաղաղ, սահմանադրական ճանապարհով: Այս վերջին դրույթը ամենադժվար իրագործելին է հետխորհրդային երկրների համար: Միայն Ուկրաինան է անցել այս ճանապարհը 2010թ., մյուս պետությունները թեև ունեն ինչ-որ ձևով ընտրվող իշխանություններ և համընդհանուր ընտրական իրավունք, սակայն իշխանության լեգիտիմ փոփոխություն չեն ապրել: Իշխանափոխություններ իհարկե եղել են, սակայն, օրինակ, Ղրղըզստանում կամ Ադրբեջանում իշխանափոխությունները խաղաղ չէին, իսկ 2003թ. Վրաստանում կամ 2004թ. Ուկրաինայում սահմանադրական չէին, դրանք իրականացվել էին արտակարգ իրավիճակների պայմաններում, համապատասխանաբար հրաժարականի և նախագահական ընտրությունների «Երրորդ փուլի» արդյունքում:

Հայաստանում շատ մեծ հետաքրքրությամբ ընդունվեց հոկտեմբերի 1-ին հարևան երկրում կատարված իրողությունը: Ամենաշատ հնչած մտքի ընդհանուր բովանդակությունն այն էր, որ Սաակաշվիլին ապացուցեց իր «դեմոկրատ» լինելը, քանի որ ցույց տվեց, որ այնպիսի համակարգ է ստեղծել, որտեղ նույնիսկ ինքը կարող է պարտվել ընտրությունների միջոցով:

Ինձ մոտ նույնպես առաջին միտքը հենց դա էր, սակայն կարծում եմ՝ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Սաակաշվիլին մարտիկ է, մարդ, որի ժողովրդավարական բառապաշարի և արևմտյան հռետորաբանության հետևում կանգնած է իշխանությունը չափազանց սիրող և այն ոչ մեկին հանձնել չպատրաստվող մի կերպար: Այս ամենը նա բազմիցս ապացուցել է՝ 2008թ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների կեղծիքներով կամ 2007թ. նոյեմբերի 7-ին և 2011թ. մայիսի 25-ից 26-ի գիշերը ընդդիմադիրների հանրահավաքները ճնշելով այնպիսի դաժանությամբ, որ արժանացել է նույնիսկ դաշնակիցների դատապարտմանը: Նա բնավ չէր էլ պատրաստվում հեռանալ իշխանությունից, և նոր Սահմանադրությունը հնարավորություն էր տալիս նրան դառնալ վարչապես և կառավարել երկիրը արդեն նոր պաշտոնում:

Պարզապես այս անգամ իր դեմ դուրս եկած ուժը շատ ավելի զորեղ էր: Սաակաշվիլիի քաղաքականությունը միշտ էլ մեծ թվով հակառակորդներ է ունեցել երկրում, որոնք այդ ֆասադային հաջողությունների հետևում (որոնք ոչ ոք չի վիճարկում՝ ամենօրյա կաշառակերության հաղթահարում, ոստիկանության բարեփոխումներ, կրթության արդիականացում), տեսնում էին ոչ միայն սարսափելի ավտորիտարիզմը և կամայականությունները, այլ նաև գործող թիմի անընդունակությունը լուծելու Վրաստանի առջև ծառացած խնդիրները: Բացի այդ՝ ընդդիմադիր առաջնորդն արեց այն, ինչ չէր հաջողվում նախկինում: Նա զրկեց Սաակաշվիլիին Արևմուտքի համակրանքի մենաշնորհից:

Նույնիսկ այս պայմաններում, Սաակաշվիլին պատրաստ էր կռվել մինչև վերջ, քանի որ պարտությունը բերելու է նրա հետևողական քաղաքական թուլացման և դրանից բխող բազմաթիվ անախորժությունների, ներառյալ իր թիմակիցների հետապնդումներին, կոռուպցիոն սկանդալներին, անօրինականությունների բացահայտմանը: Նա հասկանում է, որ սա վերջն է:

Գալիս են նոր ուժեր, որոնք թեև արդեն իսկ պարզ է, որ չեն փոխելու զարգացման արևմտյան վեկտորը, սակայն ավելի կառուցողական են Ռուսաստանի հետ հարաբերություններում: Սա երևի շանս է նաև Հայաստանի համար: Ասենք՝ Հայաստան-Ռուսաստան երկաթգծի հնարավոր բացման առումով և, վերջապես, ռուս-վրացական թշնամության մեջ մանևրելու անհրաժեշտությունից ազատվելու տեսակետից:

Իսկ ամենանշանավորը այս ամեն ինչում քաղաքացիական բարձր զգացումը և անհաջողություններից հետո չհիասթափվելու ունակությունը, որ ձեռք բերեց Վրաստանի բնակիչը այս տարիների ընթացքում: Եվ սա ընդանուր վրացական քաղաքական դաշտի նվաճումն է, և՛ Սաակաշվիլիի, և՛ նրա հակառակորդների աշխատանքի հետևանքը: Հասարակ քաղաքացին ևս մեկ անգամ տեսավ, որ ինքնուրույն կարող է իշխանության փոփոխության հարց լուծել: Եվ սա է կարևորը, քանի որ իր հետ բերում է ապրելու, երկիրը զարգացնելու և պայքարելու նոր լիցք:

Մեկնաբանել