Փոխարժեքը տատանել է հոսանքը

«Արցախ ՀԷԿ»-ի կողմից արտարժութային պարտատոմսերի թողարկումը պայմանավորված է ֆինանսական շուկայի պահանջարկով, ինչպես նաև փոխարժեքային տատանումներով։ Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի խոսքով՝ ընկերությունն աշխատելու է թե՛ արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխման, թե՛ բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման տարբերակով։

«Արցախ ՀԷԿ»-ը որոշում է կայացրել բավարարել ներդրողների կողմից ներկայացված պահանջարկը և թողարկել արտարժութային պարտատոմսեր։ «Սփյուռքահայ ներդրողները, պայմանավորված փոխարժեքի տատանումներով, խուսափում են դրամային ներդրումներ կատարել և ձեռք բերել դրամային արժեթղթեր»,– «Օրակարգին» ասաց Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ որոշում է կայացվել թողարկել արտարժութային պարտատոմսեր, որոնք ներդրողներին կապահովեն կայուն եկամուտներ և կախված չեն լինի փոխարժեքից։ Հարությունյանի խոսքով՝ «Արցախ ՀէԿ»-ը աշխատելու է երկու՝ թե՛ պարտատոմսերի տեղաբաշխման, թե՛ բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման տարբերակով էլ։

Վարչապետը նշեց, որ վերջնականապես չի որոշվել, թե ինչ ծավալի պարտատոմսեր են թողարկվելու. ծավալը կհստակեցվի առաջիկա 15 օրվա ընթացքում՝ ներդրողների հետ քննարկումից հետո։

Հարությունյանը համաձայնեց դիտարկմանը, թե, թողարկելով արտարժութային պարտատոմսեր` «Արցախ ՀԷԿ»-ն իր վրա է վերցնում արտարժութային ռիսկը։ Սակայն վարչապետը նշեց, որ փոխարժեքային ռիսկը վերցնելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով արտարժութային շուկայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ֆինանսական շուկայի պահանջներն ու ներդրումների ապահովման շարունակականության անհրաժեշտությունը։

Արտարժութային ռիսկերը «Արցախ ՀԷԿ»-ը կարող է չեզոքացնել՝ ներառելով դրանք վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնում և տեղափոխելով սպառողների ուսերին։

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն արդեն շահագործում է «Մատաղիս-1», «Մատաղիս-2», «Թրղե-2» հէկերը, շարունակում է կառուցել «Թրղե-3» հէկը, ծրագրում է սկսել Թարթառի կասկադի շինարարությունը։ Ներդրումային այս նախագծերի շրջանակում նախատեսվում է կառուցել 3-4 հէկ, որոնց ընդհանուր հզորությունը կլինի մինչև 50 Մվտ։ Հէկերում ներդրվելիք սարքավորումները լինելու են արտասահմանյան, և չի բացառվում, որ ներգրավվելիք միջոցներն ուղղվեն հենց դրանց ձեռքբերմանը։

«Արցախ ՀէԿ»-ի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը բավարարում է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկմանը և չի վտանգի հիմնական բաժնետիրոջ՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության շահերը։ «Արցախ ՀԷԿ»-ի (կանոնադրական կապիտալը՝ Դ10,65 մլրդ) բաժնետոմսերի 47,89%-ը պատկանում է ԼՂՀ կառավարությանը, 35%-ը՝ թվով չորս խոշոր բաժնետերերի, 17,11%-ը՝ 1261 փոքր բաժնետերերի:


Մեկնաբանել