8 հոկտեմբեր, 2012 14:11

2012թ. «Օքթոբերֆեսթի» ժամանակ սպառվել է շուրջ 7 մլն լ գարեջուր

Մյունխենում երկու շաբաթ առաջ մեկնարկած «Օքթոբերֆեսթ» գարեջրի փառատոնի սկիզբը խոստումնալից էր, սակայն 2012թ. տոնակատարությունը` սպառված գարեջրի ծավալով և այցելուների թվով, չկարողացավ գերազանցել  անցյալ տարվա ռեկորդը: Տոնակատարությունների վերջին օրը` հոկտեմբերի 7-ին, այս մասին հայտարարել է փառատոնի ղեկավար Դիտեր Ռայթերը:

Նրա խոսքով` այս տարի «Թերեզայի մարգագետնում» (Տերեզիենվիզեում), որտեղ տարեցտարի անցկացվում է տոնը, սպառվել է 6,9 մլն լ գարեջուր: Համեմատության համար` 2011-ին փառատոնին մասնակցել 6,9 մլն մարդ, սպառվել է 7,5 մլն լ գարեջուր:

Տոնակատարության վերաբերյալ ավանդական հաշվետվությամբ են հանդես եկել նաև տեղական ոստիկանությունն ու բավարական Կարմիր Խաչի աշխատակիցները. երկու շաբաթվա ընթացքում բժիշկները փառատոնի տարածքից հիվանդանոց են տեղափոխել տարածության մեջ կողմնորոշումը կորցրած 800 գարեջրի սիրահարի, իսկ ոստիկանությունը «Օքթոբերֆեսթին» միջամտել է ավելի քան երկու հազար անգամ:

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան` «Թերեզայի մարգագետնում» ամենատարածված իրավախախտումը ծեծկռտուքն է «ապակե» զենքի` «մասս» կոչվող գարեջրի գավաթների կիրառմամբ:

Ամեն դեպքում` 2012թ. փառատոնը հաջողված է համարվում: Ըստ Ռայթերի` «առաջինից մինչև վերջին պահը ամեն ինչ սահուն է ընթացել, նույնիսկ եղանակը չի խանգարել»:

«Օքթոբերֆեսթ» փառատոնն առաջին անգամ անց է կացվել 1810թ. հոկտեմբերի 12-ին` արքայազն Լյուդվիգի և արքայադուստր Թերեզայի ամուսնության կապակցությամբ (վերջինիս անունով էլ կոչվում է փառատոնի անցկացման վայրը):

Ավելի քան երկու հարյուրամյակ փառատոնի ավանդույթներն ընդհանուր առմամբ չեն փոխվել: Տոնի անբաժանելի մաս են կազմում գարեջրային վրանների տերերի ավանդական երթը և դիմակահանդեսը:

«Օքթոբերֆեսթի» այցեքարտերից մեկը որոշակի գարեջրատուն ներկայացնող հսկայական գարեջրային վրաններն են, որոնցից յուրաքանչյուրի արտադրանքը պետք է համապատասխանի Գարեջրի մաքրության մասին 1516թ. օրենքին:

Վիճակագրական վերջին տվյալներով գարեջուրը շարունակում է մնալ աշխարհի ամենասիրված խմիչքը: Գարեջրի սպառման բացարձակ առաջատար է Չեխիան.  այստեղ բնակչության մեկ շնչին տարեկան բաժին է ընկնում 158 լ, ապա` Իռլանդիան` 130 լ և Գերմանիան` 107,2 լ: