ԱՄՀ-ն կրկին իջեցրել է գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը 2012թ. համար գլոբալ տնտեսության աճի տեմպի կանխատեսումը իջեցրել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 3,3%, ասված է կազմակերպության պաշտոնական զեկույցում, որը կհրապարակվի առաջիկա հինգ օրերին: ԱՄՀ-ն իջեցրել է նաև 2013թ. գլոբալ աճի կանխատեսումը՝ 3,9%-ից մինչև 3,6%:

Կազմակերպության փորձագետների կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում եվրոգոտում տնտեսական անկում կարձանագրվի՝ ՀՆԱ-ն կկրճատվի 0,4%-ով։ 2013թ., սակայն, տարածագոտին կվերադառնա տնտեսական աճի, որը կկազմի 0,2%:

ԱՄՀ-ն նվազեցրել է նաև Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումը։ Այսպես, 2013թ. Չինաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 8,2%՝ ավելի վաղ կանխատեսված 8,4%-ի փոխարեն: Հաջորդ տարվա համար Բրազիլիայում տնտեսական աճը կանխատեսվել է 4%-ի, Հնդկաստանի համար՝ 6%-ի մակարդակում։

Ուշագրավ է, որ Համաշխարհային բանկը նույնպես նվազեցրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական աճի կանխատեսումը: Բանկի փորձագետներն այս որոշումը պայմանավորել են Չինաստանի տնտեսության աճի դանդաղ տեմպով։ Երկիր ՀՆԱ-ն ընթացիկ տարում, ըստ ՀԲ-ի, կաճի 7,7%-ով՝ ավելի վաղ կանխատեսված 8,2%-ի փոխարեն: 2013-ի համար կանխատեսվում է 8,1%-ի աճ՝ նախորդ 8,6%-ի համեմատ։

Մեկնաբանել