Քաղաքապետարանում քննարկվել են «Էրեբունի-Երևան» տոնակատարության հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ շարունակվում են միջոցառումների կազմակերպման աշխատանքները, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Էրեբունի արգելոց-թանգարանում և Հանրապետության հրապարակում նախատեսվող համերգային ծրագրերից բացի` տոնն առավել զանգվածային դարձնելու նպատակով, մայրաքաղաքում տեղադրվելու են նաև 26 այլ բեմահարթակներ:

Տոնին ընդառաջ ընթացքի մեջ են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցները՝ հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի և մետրոպոլիտենի աշխատանքը մինչև ուշ երեկո ապահովելու ուղղությամբ:

Տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվեն քաղաքաշինական և գեղարվեստական խորհուրդների կողմից հավանության արժանացած քանդակագործներ Թերեզա Միրզոևայի և Աշոտ Հարությունյանի հեղինակած արձանները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտվել է մայրաքաղաքի տարածքում առկա հին և ոչ պիտանի գովազդների ապամոնտաժման աշխատանքները: Առանձին դեպքերում դրանք թարմացվել են:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից կանաչ տարածքների, Նորքի և Դալմայի այգիների ոռոգման աշխատանքները:

Անդրադառնալով թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքին և բնակչության կողմից դրանց ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններն ու քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներն ապահովված են թեժ գծերի հեռախոսահամարներով:

Ասիական զարգացման բանկի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ Երևանում երկու ճանապարհային հատվածների` մասնավորապես Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված Արգավանդ տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակ փողոցներից Արտաշատի խճուղի ուղղություններով կառուցվելիք նոր ճանապարհների կառուցման հետ կապված, ստորագրվել է նախագծման պայմանագիր և մեկնարկել են վերջնական նախագծերի կազմման աշխատանքները:

Մեկնաբանել