10 հոկտեմբեր, 2012 11:44

Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել Կարսի հուշարձանի մասին

Կարսում հայ-թուրքական հարաբերությունները խորհրդանշող «Մարդկության հուշարձան» կոթողը սկսեց ապամոնտաժվել այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն որակեց որպես «ճիվաղային, հրեշավոր»:

Ստամբուլում գործող թուրքական Anadolu Kultur կազմակերպությունը «Հրեշ» վերնագրով  ֆիլմ է նկարահանել Կարսի հուշարձանի վերաբերյալ: Ռեժիսորներ Թայլան և Էրոլ Մինթաշների նկարահանած վավերագրական ֆիլմը պատմում է հուշարձանի կառուցման, այնուհետ քանդման մասին և այս ամբողջ ընթացքում ներկայացնում Կարսի բնակիչների տեսակետներն այս հարցի շուրջ: Ֆիլմը Ստամբուլում Ճարտարապետության և քաղաքային ֆիլմերի միջազգային փառատոնում ցուցադրվելուց հետո կներկայացվի նաև «Ոսկե նարինջ» 49-րդ կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի բաժնում: