10 հոկտեմբեր, 2012 09:15

Ֆինանսական հաշտարարի հայկական մոդելը հետաքրքրել է Ուկրաինային

Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտը, երկրի ներսում լայն ճանաչում չստացած, դուրս է գալիս միջազգային ասպարեզ։ Ուկրաինայի իշխանությունները քննարկում են հայկական մոդելի ներդրման հնարավորությունը։ Ուկրաինացիների օրինակին հետևելու են Բոսնիա և Հերցեգովինայում։

Երեկ Երևանում մեկնարկած «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով կոնֆերանսին Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ գրասենյակի գործունեության արդյունքները կարելի է գերազանց գնահատել։ Եթե անցած տարվա ընթացքում քննված բողոքների թիվը եղել է 144, ապա ներկայում այն արդեն 260 է։ Քննված բողոքների 65%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների։

Ըստ Սարգսյանի՝ քննված բողոքների թվի աճը չի խոսում ֆինանսական համակարգում խնդիրների մասին։ Այն պայմանավորված է ֆինանսական գրագիտության մակարդակի ու գրասենյակի ճանաչելիության աստիճանի բարձրացմամբ, նաև ֆինանսական միջնորդության աճով։ Բացի այդ՝ վերջին երկու տարվա ընթացքում հայաստանյան ֆինանսական շուկայում ներդրվել է երկու նոր գործիք՝ ԱՊՊԱ և պետական համակարգի աշխատակիցների առողջության պարտադիր ապահովագրություն։

Ըստ Սարգսյանի՝ Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտի նկատմամբ բարձր է նաև միջազգային կառույցների ուշադրությունը։ Համաշխարհային բանկն անցած տարվա վերջին և այս տարվա սկզբին իրականացրել է Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության և գրագիտության ուսումնասիրություն։ Բանկի գնահատականները, որոնք առնչվել են ֆինանսական հաշտարարի գրասենյակին, ըստ Սարգսյանի, գովելի են եղել։ ՀԲ-ն արձանագրել է, որ հայկական փորձը պետք է կիրառել ոչ միայն ԱՊՀ տարածաշրջանում, որոշակի գործառույթներ կիրառելի են նաև այլ երկրներում։

«Ուկրաինայի իշխանությունները ուսումնասիրում են Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտի փորձը՝ ՀԲ-ի օժանդակությամբ իրենց մոտ ներդնելու նպատակով»,– ասաց Սարգսյանը։ Հոկտեմբերին հայկական մոդելը ներկայացվելու է Բոսնիա և Հերցեգովինայում՝ հետագայում ներդնելու հեռանկարով։

ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի խոսքով՝ եթե ներկայում ֆինանսական հաշտարարի գրասենյակը զբաղվում է միայն քաղաքացիների շահերի պաշտպանությամբ, ապագայում չի բացառվում, որ կարողությունների զարգացմանը զուգահեռ՝ գրասենյակը զբաղվի փոքր ու միջին բիզնեսի և ֆինանսական համակարգի միջև ծագած վեճերով։

2012թ. առաջին երեք եռամսյակներին գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին առնչվող 971 բողոք, քննության է ընդունվել 244-ը: Քննված գործերի 65%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (պահանջի բավարարում՝ հաշտեցման, մասնակի բավարարման և բավարարման որոշումներով)։ Արդյունքում հատուցվել է ֌76,4 մլն։

Հոկտեմբերի 9-10-ը Երևանում անցկացվող ամենամյա կոնֆերանսի խոսնակներն են Մեծ Բրիտանիայի ֆինանսական օմբուդսմենը, Ֆրանսիայի ապահովագրական հաշտարարը, Կանադայի բանկային և ներդրումային ծառայությունների օմբուդսմենը, Նոր Զելանդիայի ապահովագրության և խնայողությունների օմբուդսմենը, Իռլանդիայի ֆինանսական համակարգի օմբուդսմենը, ներկայացուցիչներ Համաշխարհային բանկից։

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ծանոթանալու են ֆինանսական օմբուդսմենների միջազգային փորձին, Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությանը, ծրագրերին, վիճակագրությանը, սպառողների ֆինանսական կրթության և նրանց շահերի պաշտպանության մեխանիզմներին։ Նախատեսված են թեմատիկ քննարկումներ բանկային գործունեության, մասնավորապես՝ քարտային զեղծարարության, ներդրումների և կենսաթոշակային համակարգերի, հիփոթեքային պայմանագրերի և սպառողական վարկերի, ապահովագրական գործունեության թեմաներով։
Ա.Չ.