Աշխարհում յուրաքանչյուր երրորդ աղջկան ամուսնացրել են բռնությամբ, մանուկ հասակում. ՄԱԿ

Աշխարհում 20-24 տարեկան կանանց մեկ երրորդը բռնությամբ ամուսնացել է մանուկ հասակում. հաղորդում Itar-tass-ը՝ ըստ հոկտեմբերի 11-ի՝ Աղջիկների միջազգային օրվան ընդառաջ հրապարակված ՄԱԿ-ի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) մանկական հիմնադրամի վիճակագրության:

Այս տվյալներով՝ նշված տարիքային խմբի 23մլն աղջիկ ամուսնացվել է 15 տարեկան հասակում: Իսկ 20-49 տարեկանների 41%-ը կամ 400մլն մարդ ողջ աշխարհում բռնությամբ ամուսնացվել է մինչև 18 տարեկան դառնալը: Ամենից հաճախ այս երևույթը հանդիպում է Հարավային Ասիայում (46%), աֆրիկյան երկրներում (37%), Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում (29%): Եվրոպական երկրներում և ԱՊՀ տարածքում նման աղջիկները նշված տարիքային խմբի 11%-ն են:

103 երկրում մինչև 18 տարեկան դառնալն ամուսնանալն արգելված է օրենքով. նշենք, որ ՄԱԿ-ի անդամ է 193 պետություն: Ամեն տարի հարկադրաբար ամուսնական կյանք է մտնում 10մլն աղջնակ՝ մինչև նշված տարիքին հասնելը: Որոշ դեպքերում 8-ամյա աղջիկներին ամուսնացնում են անգամ իրենցից 3-4 անգամ մեծ մարդկանց հետ: «Աղջիկները ստրուկ են դառնում մինչև իրենց կյանքի վերջը՝ կենցաղավար ստրկուհիներ, սեռական ստրկուհիներ, իսկ նրանց իրավունքները՝ առողջապահական, կրթական, ֆիզիկական և բարոյական ազատության, ոտնահարվում են»,- նշում են հետազոտողները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ձգտելով խնդրի վրա բևեռել միջազգային հանրության ուշադրությունը, ընդգծում է, որ այսպիսի ամուսնությունները հաճախ են հանգեցնում վաղաժամ հղիությունների, որ բավական վտանգավոր է մանկամարդ մայրիկների համար: Զարգացող երկրներում երեխաների 90 տոկոսը, որ 15-19 տարեկան մայրիկ ունի, աշխարհ է գալիս օրինական ընտանիքում, այս տարիքային խմբում մահացությունների հիմնական պատճառը հետծննդյան բարդություններն են:

Մեկնաբանել