Վճարելով Լեռնային Ղարաբաղի գինը

Կենտրոնական բանկի սեպտեմբերի 24-ի որոշման արդյունքները, որով խստացվում են Հայաստանում գործունեություն ծավալող արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերին առաջադրվող պահանջները, երկար սպասեցնել չտվեցին։ Նախօրեին ԿԲ-ն որոշում է ընդունել, ըստ որի՝ ուժը կորցրած են ճանաչվել «Զոլոտայա կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ թույլտվությունները։ Համակարգը, ըստ էության, հրաժարվել է սպասարկել Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող հայաստանյան բանկերի մասնաճյուղերը։

Ըստ ԿԲ-ի հոկտեմբերի 8-ի տարածած հաղորդագրության՝ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Զոլոտայա կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը, առանց որևէ պատճառաբանության, բազմիցս չի ապահովել Հայաստանի տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը։ ԿԲ-ն գրություններ է ուղղել «Զոլոտայա կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորին, որոնցով տեղեկացրել է համակարգով հայաստանյան որոշ առևտրային բանկերի մասնաճյուղերը չսպասարկելու մասին և առաջարկել անհապաղ ապահովել համակարգին մասնակից բանկերի բոլոր տարածքային ստորաբաժանումների սպասարկման հնարավորությունը։

«Միաժամանակ, գրությամբ նախազգուշացվել է, որ հակառակ պարագայում ԿԲ-ն որոշում կընդունի հայաստանյան բանկերի՝ Համակարգում մասնակցության թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ»,– նշված է հաղորդագրությունում:

Մինչ այս՝ սեպտեմբերի 6-ին, ԿԲ-ն ուժը կորցրած էր ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին հայաստանյան բանկերի մասնակցության վերաբերյալ թույլտվությունները։

Այս երկու վճարահաշվարկային համակարգերին լիցենզիայից զրկելու հիմնական պատճառն այն է, որ նրանք հրաժարվել են սպասարկել Լեռնային Ղարաբաղում գործող հայաստանյան բանկերի մասնաճյուղերը։

ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 24-ին փոփոխություններ է կատարել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցում։ Այդ փոփոխություններով ԿԲ-ն ավելացնում է սեփական իրավասությունների շրջանակը, թե որ դեպքերում կարող են ուժը կորցրած ճանաչվել վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները։ Համաձայն այդ փոփոխությունների՝ վճարահաշվարկային օպերատորը պարտավոր է համակարգին միացված հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումների հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրել համակարգի ծրագրային ապահովման համակարգում, ուղղակի ձևով իր ինտերնետային կայքում, ինչպես նաև ապահովել այդ տեղեկատվության հասանելիությունը համակարգի բոլոր սպասարկման կետերում։

ԿԲ-ն, ըստ էության, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերին պարտադրում է գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղում, ինչի մասին հայտարարում է պաշտոնապես։ Կարգավորչի այս փոփոխությունները լուրջ բարդություններ են ստեղծում այն համակարգերի համար, որոնք գործունեություն են ծավալում Ադրբեջանում։ Ըստ էության, ԿԲ-ն ստիպում է ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այսպես, օրինակ՝ 2008թ. Ադրբեջանի ԿԲ-ն Western Union-ին արգելեց գործունեություն ծավալել երկրի տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ համակարգը չի դադարեցրել գործունեությունը Ղարաբաղում։

Համակարգը դադարեցրեց գործունեությունը ԼՂ-ում, ինչի հետևանքով 2008թ. օգոստոսի 22-ին ԿԲ-ն որոշում ընդունեց և արգելեց հայաստանյան բանկերի մասնակցությունը Western Union վճարահաշվարկային համակարգին։

Այսօր Հայաստանում գործունեություն են ծավալում տասից ավելի արտասահմանյան վճարային համակարգեր։ Չի բացառվում, որ խստացումից հետո շուկայում կմնան ընդամենը երկուսը՝ Unistream-ը և ANELIK-ը, քանի որ նրանք ներկայացված չեն Ադրբեջանում։ Բանկիրները, սակայն, բացասական կողմեր չեն տեսնում այս ամենում։ Երկու համակարգերին ներկայում բաժին է ընկնում դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների մոտ 2/3-ը, նրանք կարող են սպասարկել փոխանցումների ամբողջ ծավալը։

Մեկնաբանել