11 հոկտեմբեր, 2012 11:00

Բաց նամակ բնապահպանության նախարարին` ստեղծել մոնիթորինգի խումբ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը բաց նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` առաջարկելով բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների ակտիվ ներգրավմամբ ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) համատեղ հասարակական մոնիթորինգի խումբ:

Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Ա. Հարությունյան, վերջերս «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում թե´ ակտիվիստների և թե´ բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից հնչեցվեցին փոխադարձ մեղադրանքներ: Այսպիսով ստեծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պարբերական այցերը շարունակվելու են, իսկ պետական մարմինների կողմից դա դիտվելու է, որպես պահպանման ռեժիմի խախտում, ինչն էլ բերելու է հերթական առճակատման:

ԲՀՊՏ-ներում պարբերաբար հայտնաբերվող պահպանման ռեժիմի խախտումները հասարակության շրջանում ստեղծել են անվստահության մթնոլորտ: Այն փարատելու և հետագայում նման միջադեպերը կանխելու նպատակով «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն առաջարկում է ՀՀ բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների ակտիվ ներգրավմամբ ստեղծել ԲՀՊՏ-ների համատեղ հասարակական մոնիթորինգի խումբ:

Այսպիսով՝ Ձեր և շահագրգիռ կազմակերպությունների քննարկմանն ենք ներկայացնում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից պատրաստված առաջարկը:

Նպատակը

ՀՀ բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների ակտիվ ներգրավմամբ ստեղծել ԲՀՊՏ-ների հասարակական մոնիթորինգի համատեղ խումբ, որի անդամները կունենան անարգել մուտքի թույլտվություն և պարբերաբար այցելություններ կիրականացնեն ԲՀՊՏ-ներ, հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ ԲՀՊՏ-ների խնդիրներին և գործունեությանը:

Առաջարկում ենք հետևյալ հիմնական դրույթները.

• Խումբը կազմված է լինելու ՀՀ բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների ներկայացուցիչներից: 
• Մոնիթորինգի խումբը ստեղծվում է ՀՀ ԲՆ կողմից` շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական շարժումների հետ համատեղ մշակման արդյունքում: Խմբին կարող են անդամագրվել բնապահպանական, գիտական և ակտիվ հասարակական գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական շարժումների ներկայացուցիչները: 

• Գրանցված յուրաքանչուր կազմակերպությունից կամ քաղաքացիական շարժումից խումբ կարող է ներգրավվել մեկական ներկայացուցիչ: Ներկայացուցիչների ցանկը հաստատվում է ՀՀ ԲՆ կողմից, և նրանց տրվում է բոլոր ԲՀՊՏ-ների մուտքի անցագիր 1 տարի ժամկետով: 

• Անցագիրը հնարավորություն է տալիս. ա) ամիսը 3 անգամ իրականացնել այցելություններ ցանկացած ԲՀՊՏ տեղամաս, որոնք կուղեկցվեն տվյալ տեղամասի տեսուչի կամ պատասխանատու անձանց կողմից, բ) իրականացնել գործունեության դիտարկում, օպերատիվ կերպով բանավոր և գրավոր տեղեկություն ստանալ ԲՀՊՏ-ի գործունեության վերաբերյալ: 

• Այցելությունները կարող են իրականացվել խմբում ներգրավված առնվազն 3 ներկայացուցչի մասնակցությամբ: ԲՀՊՏ այցելություն իրականացնող խմբին ԲՀՊՏ ղեկավարությունը պարտավոր է անհապաղ (15 րոպե) տրամադրել ուղեկցող անձ: Անհապաղ ուղեկցող անձ չտրամադրելու դեպքում մոնիթորինգ իրականացնող խումբը իրավունք ունի առանց ուղեկցող անձի մտնել ԲՀՊՏ տարածք և իրականացնել մոնիթորինգ (առանց ԲՀՊՏ պահպանման ռեժիմի խախտման) մինչև ուղեկցող անձի ժամանումը մոնիթորինգի վայր:

• Մոնիթորինգի վայրը և երթուղին որոշում են մոնիթորինգը իրականացնող խմբի անդամները: 

• Մոնիթորինգի ընթացքում արձանագրված պահպանման ռեժիմի խախտումների վերաբերյալ մոնիթորինգի խումբը պարտավոր է անհապաղ տեղյակ պահել ԲՀՊՏ ղեկավարությանը և այլ պատկան մարմիններին:

• Այցելության արդյունքների վերաբերյալ այցելության ավարտին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են մոնիթորինգն իրականացրած ներկայացուցիչները և ԲՀՊՏ կողմից նշանակված ուղեկցող անձը: Խմբի թափանցիկ գործունեությունն ապահովելու համար բոլոր արձանագրությունները կտեղադրվեն ՀՀ ԲՆ և մոնիթորինգին մասնակից կազմակերպությունների կայքերում, սոցիալական ցանցերում: Պարբերական կիրականացվեն հանրային հաշվետվություններ»: