Կառավարությունը ֌4,5 մլրդ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին

Երևանի քաղաքապետարանը, թեև 2010-2011 թթ. ասֆալտապատման աշխատանքներին ուղղել է տարեկան ավելի քան ֌4,5 մլրդ, շարունակում է պնդել, որ մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնյա ծածկի լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներ վերջին տարիներին չեն իրականացվել։ Արդյունքում այս տարի ասֆալտապատմանը հատկացվել է մոտ ֌9 մլրդ, որից ֌4,5 մլրդ-ը՝ կառավարության պահուստային ֆոնդից։ Համաշխարհային բանկի ուսումնասիրություններով՝ զարգացող երկրներում ճանապարհաշինական հայտամրցույթներում գումարի 5-20%-ը պաշտոնյաներին տրվող կաշառքներն են։

Երևանի քաղաքապետարանը այս տարի ընդհանուր առմամբ մոտ ֌9 մլրդ է ծախսել մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման, եզրաքարերի փոփոխման համար։ Քաղաքապետարանի բյուջեով այս տարի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման համար նախատեսված է եղել մոտ ֌4,3 մլրդ, սակայն այդ գումարը քաղաքապետարանին չի բավարարել։ Արդյունքում երեկ կառավարությունը որոշում է ընդունել պահուստային ֆոնդից հատկացնել ևս ֌4,5 մլրդ։

Կառավարության այս որոշումն ուշագրավ է այնքանով, որքանով այն post factum է։

Տարածքային կառավարման նախարարության միջոցով Երևանի քաղաքապետարանին «դրամաշնորհներ համայնքներին հոդվածով» գումար հատկացնելու որոշման տեղեկանքից երևում է, որ քաղաքապետարանը պատվիրել է ֌4,6 մլրդ-ի աշխատանքներ. դրանք անգամ հիմնականում կատարված են։ Պարզ ասած՝ քաղաքապետարանը պատվիրել է ասֆալտբետոնյա աշխատանքներ, կատարվել է եզրաքարերի վերանորոգում, և հիմա կառավարությունը ստիպված է պետբյուջեից ֆինանսավորել դրանք։ Անհասկանալի է՝ եթե քաղաքապետարանը կնքել է ֌4,6 մլրդ-ի պայմանագրեր, ինչո՞ւ է կառավարությունից խնդրել հատկացնել ֌4,5 մլրդ։

Ըստ տեղեկանքի՝ քաղաքապետարանը համապատասխան աշխատանքների ձեռքբերման համար սահմանված կարգով հայտարարել է մրցույթներ, կնքել է ընդհանուր առմամբ շուրջ ֌4,6 մլրդ-ի պայմանագրեր։

Համաձայն պայմանագրային արժեքների՝ 1 քմ ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման արժեքը կազմել է ֌6,5 հազ., այն դեպքում, երբ քաղաքապետարանը դրանք գնահատել է 14,48 հազ., 1 քմ ասֆալտի վերանորոգումը մայթերի հատվածներում կազմակերպությունները կատարել են ֌4,5 հազ-ով (ծրագրվել է մոտ ֌8 հազ.), 1 գծամետր եզրաքարի վերանորոգման արժեքը կազմել է ֌14 հազ. (ծրագրվել է ֌23,7 հազ.)։

Ստացվում է, որ քաղաքապետարանը աշխատանքները ձեռք է բերել մոտ երկու անգամ էժան գներով։ Այս պայմաններում կա՛մ քաղաքապետարանի նախահաշվային փաստաթղթերն են ուռճացված, կա՛մ ընկերությունները խնայել են որակի հաշվին։
Երթևեկելի մասի շուրջ 650 հազ. քմ և մայթերի հատվածում 37,5 հազ. քմ ասֆալտբետոնյա շերտի վերանորոգման, ինչպես նաև շուրջ 15 հազ. գծամետր նոր եզրաքարերի տեղադրումը քաղաքապետարանը հիմնավորել է նրանով, որ Երևանի պողոտաների և փողոցների ասֆալտբետոնյա ծածկի լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներ վերջին տարիներին չեն իրականացվել, որի արդյունքում ու նախորդ տարվա տեղումների ծավալների զգալի ավելացման պատճառով կենտրոնական փողոցների և պողոտաների, ինչպես նաև մայթերի հատվածներում ասֆալտբետոնյա ծածկը ամբողջովին քայքայվել է։

Հիմնավորումը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ 2011թ. Երևանի բյուջեով ասֆալտբետոնե աշխատանքների համար ծախսվել է մոտ ֌5 մլրդ, ևս ֌4,5 մլրդ ասֆալտապատմանն ուղղվել է 2010թ.։

Համաշխարհային բանկի ուսումնասիրություններով՝ զարգացող երկրներում ճանապարհաշինական հայտամրցույթներում գումարի 5-20%-ը պաշտոնյաներին տրվող կաշառքներն են։ Հայաստանի մասով թեև հստակ ուսումնասիրություններ չկան, բայց Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթների բովանդակությունն ու հաղթող ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու որոշումներն արդեն իսկ հուշում են կոռուպցիոն ռիսկերի մասին։

Մեկնաբանել