«Մուսուլման եղբայրների» առաջնորդը կոչ է արել ջիհադ սկսել՝ հանուն Երուսաղեմը վերադարձնելու

Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության հոգևոր առաջնորդ Մուհամադ Բադին կոչ է արել սկսել սրբազան պատերազմ՝ Երուսաղեմը Իսրայելի գերիշխանությունից ազատագրելու համար, հողորդում է AFP-ն։

Նա հայտարարել է, որ Երուսաղեմը վերադարձնելուն ուղղված ջիհադը բոլոր մուսուլմանների պարտքն է։ Երուսաղեմը մուսուլմանական քաղաք է, և այն չի կարելի փոխանցել ոչ մի պայմանագրի, հայտարարել է Բադին։ Ընդ որում՝ նա նշել է, որ քաղաքն անհնար է ազատագրել բանակցությունների ճանապարհով։

«Հրեաները գերիշխում են այդ հողում, նարնք տարածել են կոռուպցիան, թափում են ուղղահավատ մուսուլմանների արյունը և պղծում են սրբավայրերը, այդ թվում՝ սեփականները»,- մեջբերում է Մուհամադ Բադիի խոսքը Times of Israel պարբերականը՝ վկայակոչելով եգիպտական լրատվամիջոցները։ Իսրայելական թերթի տեղեկություններով՝ «Մուսուլման եղբայրների» առաջնորդը նաև հայտարարել է, որ «սիոնիստները միայն ուժի լեզուն են հասկանում» և «բռնապետությանը վերջ դնել» հնարավոր է միայն «հսկայական զոհերի գնով, սրբազան ջիհադի և դիմակայության բոլոր ձևերի միջոցով»։

Մեկնաբանել