15 հոկտեմբեր, 2012 15:32

Աբովյան փողոցում սերն է բնակվել

Այս տարի լրանում է քանդակագործ Թերեզա Միրզոյանի 90-ամյակը: Երևան-Էրեբունի տոնակատարությունների նախօրեին մայրաքաղաքի Աբովյան փողոցում վերաբացվեց Թերեզա Միրզոյանի 1967թ. ստեղծած «Սիրում է, չի սիրում» քանդակը, որը ոչնչացվել էր 21 տարի առաջ:

Բոլոր այլ անվանումներից բացի, որոնցով կարելի է կոչել խառնիճաղանճ 90-ականները, այն նաև վանդալիզմի շրջան էր: Անհայտ մարդիկ, որոնց այդպես էլ չգտան, սկզբում շուռ էին տվել քանդակը, հետո պոկել-տարել պղինձից պատրաստված արձանի կտորները: Գեղանկարիչ Անուշ Առաքելյանը՝ Թերեզա Միրզոյանի դուստրը,  հայտնաբերել էր մոր կորած քանդակի մի քանի բեկոր: Քանդակը հնարավոր չէր վերականգնել, պետք է նորից ձուլվեր: Թերեզա Միրզոյանը մի քանի տարի է, ինչ չի աշխատում, սակայն էսքիզ արեց, որը լուսանկարների հետ միասին օգնեց նրա ուսանողներին՝ Գետիկ Բաղդասարյանի գլխավորությամբ, ստեղծել քանդակի նոր տարբերակ, որը չի տարբերվում բնօրինակից: Առաջին քանդակը բրոնզաձույլ չէր` կատարված էր դրվագման միջոցով, ինչի պատճառով էլ բավական փխրուն էր: «Փաստորեն զրոյից ենք վերականգնել արձանը: Որոշեցինք, որ ճիշտ կլինի այն վերադարձնել իր նախկին վայրը: Սա աննախադեպ է` որ վերականգնվի հին, կորած արձանը»,-ասում է Անուշ Առաքելյանը և ավելացնում, որ շատերի համար այս քանդակը մանկության, երիտասարդության հիշողություններից է:  

Նախագծի իրականացմանը նպաստել է Երևանի քաղաքապետարանը, որը պատրաստակամորեն տրամադրել է վայր և միջոցներ:

«Սիրում է, չի սիրում» քանդակի 1,60 մ բարձրությամբ  նոր տարբերակը, դառը փորձից ելնելով, տեղադրվել է ծանր պատվանդանի վրա: Գետիկ Բաղդդասարյանը ակնածանքով է խոսում իր ուսուցչի մասին և անվանում նրան «Մայր Թերեզա»: «Այո, նա բոլորիս համար մայր է եղել, մեր ուսուցիչը, որը սովորեցրել է քանդակի գաղտնիքները: Թերեզա Միրզոյանը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձրել քանդակի գրագիտությանը, նա նաև դեկորատիվ մտածելակերպ ունի: Նրա քանդակները կանացի են, նուրբ և յուրօրինակ, դրանք կարող են զարդարել քաղաքը»:

Նրբակազմ, երկար պարանոցով աղջիկը նստած է գետնին՝ խոտերի մեջ: Սլացիկ մարմինն ընդգծում է ծալքերով զգեստը, որին նայելիս դժվար է հավատալ, որ  ծանրակշիռ բրոնզից է, այլ ոչ՝ մետաքսից: Աղջիկը երկմտում է` արդյոք սիրվա՞ծ է, արդյոք կարո՞ղ է հավատալ երջանկությանը: Սովորաբար «Սիրում է, չի սիրում» խաղը ծաղկի միջոցով են խաղում, հերթով պոկելով թերթիկները․․․  Աղջկա ձեռքին չկա քարե ծաղիկ` ժամանակի մեջ սառած անդառնալի ու անզիջում դատավճիռ: Քանդակագործն առաջարկում է անցորդին թարմ ծաղիկ տալ իր գեղեցկուհուն` ի նշան անվերջ հույսի ու անսպառ սիրո:  

ՀՀ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Թերեզա Միրզոյանը, որի անձը նույնքան հետաքրքիր է, որքան արվեստը, բազալտով, մարմարով, տուֆով, բրոնզով ու փայտով արած իր աշխատանքներում անդրադարձել է մայրության, սիրո և կանացիության թեմաներին:  Ուժեղ բնավորությունն ու սկզբունքայնությունն աշխատանքում թույլ են տվել փխրուն և գեղեցիկ կնոջը իբրև տաղանդավոր քանդակագործ ճանաչվել նախկին ԽՍՀՄ-ում և դրա սահմաններից դուրս:

Հայաստանից բացի՝ նա բազում ցուցահանդեսների է մասնակցել Ռուսաստանում, Վրաստանում, Բուլղարիայում, Լիբանանում, Լեհաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռումինիայում և այլուր, արժանացել բազմաթիվ շքանշանների և պատվոգրերի: Միրզոյանի մոնումենտալ քանդակներից շատերը տեղադրված են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի տարբեր քաղաքներում, իսկ մանրաքանդակներն ընդգրկված են տարբեր երկրների պետական և մասնավոր հավաքածուներում:

Նրա հայտնի աշխատանքներից են զոհված հեղափոխականների 12 մետրանոց բազալտե և բրոնզե հուշարձանը` Սիսիանում, «Գարունը»` Վանաձորի թանգարանում, «Կուժով աղջիկը»՝ Դիլիջանի թանգարանում, «Նախրապանը»` Սմոլենսկում, Չարենցավան քաղաքի մուտքի արձանը, «Անուշի և Սարոյի» քանդակը` Թումանյանի տուն-թանգարանում, «Ջուլհակուհին»` Գյումրիում:

Շուրջ  65 տարի Թերեզա Միրզոյանը դասավանդել է Երևանի Գեղարվեստի ակադեմիայում, Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Նա արվեստագետների մի հսկա բանակ է դաստիարակել, որոնցից շատերն այսօր արվեստի վաստակավոր գործիչներ են, պրոֆեսորներ, ճանաչված դասախոսներ` Բենիկ Պետրոսյան, Սամվել Ղազարյան, Մարիամ Հակոբյան, Գետիկ Բաղդասարյան, Վահան Թոքմաջյան, Խաչիկ Միրիջանյան, Գուրգեն Հակոբյան, Էմին Պետրոսյան և ուրիշներ: Թեև այս քանդակագործներին հաջողվել է ստեղծել սեփական ձեռագիրը, նրանք ինչ-որ չափով կրում են Թերեզա Միրզոյանի դպրոցի կնիքը:

«Սիրում է, չի սիրում»-ը Թերեզա Միրզոյանի առևանգված միակ քանդակը չէ: Երկու տարի առաջ անհայտացել է Մոսկովյան 15 հասցեում գտնվող Ավագյանի անվ․ բժշկական կենտրոնի մուտքի առջև գտնվող Մխիթար Հերացու բրոնզյա կիսանդրին: Դրա հարևանությամբ տեղադրված է եղել միջնադարյան մեկ այլ հայտնի հայ բժշկի` Ամիրդովլաթ Ամասիացու կիսանդրին, որը նույնպես պատրաստված է բրոնզից: Գողերն այս մեկը չեն հասցրել տանել: Սակայն այն ևս իր տեղում չէ և անհայտ է՝ երբ կվերադառնա:

Վերջում ուզում եմ շնորհավորել երևանցիներին գեղեցիկ երիտասարդ հարևանուհու վերադարձի առթիվ և ցանկանալ, որ սերը, որի մասին երազում է մտածկոտ աղջիկը, ներշնչի նրան տեսնողներին և թույլ տա ավելի բարի հայացքով նայել միմյանց: