Բակո Սահակյանը մասնակցել է անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան նման կառույցը խիստ պահանջված է հանրապետության համար և մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը:

ԼՂՀ նախագահն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի կարևորությունը` նշելով, որ այստեղ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածություն:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող մի շարք օբյեկտներ և տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել