ԱՊՀ Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդում քննարկվել են գնացքների չվացուցակները

Հայկական պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 57-րդ նիստին, որը բացվել է հոկտեմբերի 16-ին Աշխաբադում: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Անատոլի Դանչենկոն և տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Հովհաննիսյանը, հաղորդում են ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից:

Նիստի շրջանակում նախատեսվում է քննարկել մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես` մասնակից երկրների գնացքների չվացուցակների չափանիշները 2013-2014 թթ. համար, երկաթուղային վարչությունների միջև փոխհաշվարկների իրականացման գործընթացը, երկաթուղիների 2013թ. սակագնային քաղաքականությունը միջազգային բեռնափոխադրումների ժամանակ, բեռնատար վագոնների կառավարման և շահագործման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքը համակարգելու համար:

Մեկնաբանել