«Արմավիան» նորից չի թռչում

«Զվարթնոց» օդանավակայանն այսօր առավոտվանից կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը ՍիվիլՆեթին պարզաբանել է, որ չվերթների սպասարկումը ժամանակավորապես դադարեցվել է «Արմավիայի»` օդանավակայանին ունեցած պարտքի պայմանավորված չափը գերազանցելու համար: Ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների` պարտքի գերազանցման պատճառով «Զվարթնոցը» «Արմավիայի» չվերթները ժամանակավորապես դադարեցրել էր նաև հոկտեմբերի 16-ին:

«Արմավիայում» ՍիվիլՆեթին ասացին, որ ընկերությունն ամենօրյա կտրվածքով վճարում է պարտքը: «Այս քայլով «Զվարթնոցը» վնասում է ոչ միայն «Արմավիային», այլև ինքն իրեն և անհարմարություն է պատճառում ուղևորներին: Ամենայն հավանականությամբ, «Զվարթնոցին» դուրեկան չէ, որ առաջիկայում «Արմավիան» կարող է նոր բաժնետեր ունենալ»,- ասացին «Արմավիայում»: Գևորգ Աբրահամյանը, սակայն, նշեց, որ «Արմավիան» պայմանավորված պարտքի չափը գերազանցել է մոտ $1 մլն-ով:

Նշենք, որ 2012թ. սեպտեմբերի 20-ին կրկին դադարեցվել էին «Արմավիա»-ի չվերթները, սակայն նույն օրը` ավելի ուշ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վերսկսել էր սպասարկումը, քանի որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել պարտքը վճարելու շուրջ:

Այս տարի մարտի 15-ին «Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայանները» ստորագրել էին համաձայնագիր, որով օդանավակայանը համաձայնել էր բավարարել «Արմավիայի» պահանջները, մասնավորապես՝ վերանայել սպասարկման սակագները։ Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվել էր սահմանված ժամանակացույցով՝ մինչև սեպտեմբեր, մարել կուտակած պարտքերը։ Այդ ժամանակ «Արմավիան» օդանավակայանի առջև կուտակել էր վեց ամսվա պարտք՝ $5,3 մլն։

Մեկնաբանել